Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Իրավցնե ծանր բան է,− հաստատեց Միհրանիկ էֆենտին ալ:

− Դուն եթե իմ տեղս ըլլայիր, ի՞նչ պիտի ընեիր,− հարցուց Մարգար էֆ. իր բարեկամին։

− Էն առաջ, մեյ մը այդ ժամկոչը ճամփել կուտայի:

− Կեցցե՛ս,− գոչեց տիկին Սաթեն։

− Բայց ես ոչ թաղական եմ, ոչ ալ եկեղեցիին գործերուն կըխառնվիմ։

− Ի՞նչ ըսել է, էֆենտիմ, այսօրվան օրս թաղին երևելիներեն ես, ժամկոչ մը ճամփելու չա՞փ ալ ազդեցություն չես կրնար ունենալ… գնա՛, թաղականները գտի՛ր, եղածը պատմե՛, ոտք կոխե ու ժամկոչը անմիջապես ճամփել տուր… Հեմ տաքը տաքին ընելու է, որ աղվոր դաս մը ըլլա։

− Եթե այդ ժամկոչը հոս մնա՝ ես այս թաղեն կելլեմ,− գոչեց Սաթեն դողահար ձայնով մը,− ալ ի՞նչ երեսով փողոց պիտի ելլեմ պտտիմ…

− Խենթ խոսքեր մի ըներ,− ըսավ ամուսինը,− ժամկոչի մը համար թաղերնի՞ս պիտի փոխենք, տուներնիս տեղերնի՞ս պիտի ձգենք։

− Խենթը խելոքը աս է…

− Մի հուզվիք, տիկին,− միջամտեց Միհրանիկ,− Մարգար էֆ. կկարգադրե։

− Անոր մնա նե, բան մըն ալ չըներ։

− Միհրանիկ էֆենտի, միասին երթաք թաղականներուն խոսիք նե՝ չըլլա՞ր,− առաջարկեց Նվարդ։

− Հարկավ կըլլա, ես պատրաստ եմ անմիջապես երթալու,− պատասխանեց ամուսինը։

− Ճիշտ ատենն է, դեռ թաղականները ժամը ըլլալու են, գացեք, եկեք, մենք հոս ձեզի կսպասենք։

− Ճաշը միասին կընենք,− ըսավ Սաթեն,− որ չափազանց գոհ էր այս կարգադրութենեն։

− Ե՛լ էրթանք,− ըսավ Միհրանիկ իր բարեկամին։

Մարգար էֆ. դժգոհ, սրտնեղած ոտքի ելավ և հետևեցավ մյուսին:

Եկեղեցին շատ հեռու չէր, և երկու բարեկամները տասը վայրկյան հետո մտան խորհրդարանը, ուր մի քանի թաղականներ՝ ավագերեցին հետ՝ պնակներ ու և գանձանակի հաշիվները կկարգադրեին։