− Ինծի մնա նե՝ իրիկվան դեմ կերթանք Պողոս էֆենտիին խնդիրը կբացատրենք, իր հավանությունը կառնենք, անկե ետքը ինչ որ պիտի ընենք, կընենք։
− Ես վստահ եմ, որ անիկա չպիտի հակառակի, քանի որ Մարգար էֆ-ն կա խնդրին մեջ։
− Մենք գործը օրինավոր կտեսնենք, ավելի լավ չըլլա՞ր։
Մանուկ աղա համոզվեցավ այս բանավոր առարկության և որոշեցին կեսօրեն ետքը ժամադիր ըլլալ և երթալ իրենց ատենապետը տեսնել, իրերու կացությունը պարզելու համար։
Ռափիկ աղա այնքան լավատես չէր, որքան Մանուկ աղան, Պողոս էֆ-ի բռնելիք դիրքի մասին։ Կկասկածեր, որ ընդդիմության մը պիտի բաշխեին և ատոր կացությունը ծանրակշիռ հանգամանք մը պիտի ստանար։
− Մենք,− դիտել տվավ պաշտոնակցին,− անմիջասլես հանձնառություն ստանձնելու չէինք վաղը առտու Վարդան աղբարը ճամփելու համար։
− Ուրիշ ճար չկար,− պատասխանեց Մանուկ կտրուկ կերպով։− Ես ժամկոչի մը համար չեմ ուզեր Մարգար էֆ-ին ու Միհրանիկ էֆ-ին հետ գեշ մարդ ըլլալ, հետևաբար լավագույն է խոսակցությունը ուրիշ նյութի վրա բերել։
− Այս առտուն թերթերը կարդացի՞ր,− հարցուց։
− Աչքե անցուցի,− պատասխանեց Մանուկ՝ օղիի գավաթը պարպելով։
− Նոր բան մը կա՞։
− Վարչությունը նոր պատվիրակ մը պիտի ղրկե եղեր Երուսաղեմ և…
− Ճանը՞մ, վազ անցիր սա Երուսաղեմին խնդրեն, ալ համը փախավ,− գոչեց Ռափիկ,− քաղաքական բան մը կա՞, ան նայինք…
− Ինկիլիզը նորեն քյուլահ մը հազըր կընե կոր ամմա, նայինք որո՞ւն գլուխը պիտի անցնե։
Ինկիլիզին անունը լսելուն պես Ռափիկ աղային դեմքը ճառագայթեց, ոգևորվեցավ։
Ինկիլիզը իր սիրական կուռքն էր, իր պաշտամունքին միակ առարկան։ Ինկիլիզը ինչ ըսե նե՝ ան կըլլա, կպատգամեր, ամեն անգամ, որ քաղաքական կնճռոտ կացության մը առթիվ խոսք բացվեր։ Ոսկերիչներու շուկային քաղաքական երկու մեծ բաժանումներուն