− ինկիլիզյան և մոսկոֆյան − առաջնույն պարագլուխներեն մեկն էր Ռափիկ աղա, և այս պատճառով հաճախ բուռն վիճաբանություններ կունենար մոսկոֆյաններուն հետ։
− Էյ, ի՞նչ է եղեր, պատմե՛ նայինք,− հարցուց հետաքրքիր իր բարեկամին։
− Սըր Էտուարտ Կրեյ հայտարարեր է, որ եթե Մերձավոր Արևելքի արդի կացության մեջ փոփոխություններ մտցնելու հարկը շեշտվի և արտաքին միջամտություններ ի հայտ գան՝ Անգլիա հավատարիմ իր դարավոր քաղաքականության, իր ուղղությունը պիտի որոշե դեպքերու առնելիք հավանական ընթացքին համապատասխան կերպով։
Ռափիկ աղա հակառակ Սըր Էտուարտ Կրեյի մասին ունեցած անսահման սքանչացումին, չկրցավ որոշակի ըմբռնել հայտարարության իմաստը։
− Սա լրագիրը քո՞վդ է նե՝ ինծի տուր,− ըսավ Մանուկ աղային, որ փութաց բարեկամին խնդիրքը կատարելու։
− Շունշանորդին անանկ լաստիկլի խոսք մը ըրեր է որ,− ըսավ,− մեջեն չելլվիր կոր։
− Ես ալ աղեկ մը չկրցա հասկնալ,− խոստովանեցավ Մանուկ աղա։
− Քար մը կա, ամմա որո՞ւն է…
Եվ Ռափիկ աղա մխրճվեցավ քաղաքականության խորը և իջավ մինչև Խրիմի պատերազմը։
− Ա՛լ երթանք,− ընդմիջեց Մանուկ աղա, ոտքի ելլելով,– ժամը մեկն է․․․
− Վա՞յ, այդչափ եղե՞ր է։
Երկու թաղականները ժամադիր ըլլալով՝ իրիկվան դեմ կրկին միացան ու գացին Պողոս էֆ-ին բնակարանը, առտվան միջադեպը բացատրելու։
Թաղական Խորհրդի աաենապետը կպատրաստվեր կնոջը հետ պտույտի երթալու, այսուհանդերձ հյուրերը ընդունեց, մանավանդ որ այս վերջինները հայտարարեցին թե՝ քանի մը վայրկյան պիտի մնային։
− Վաղը առտու ժամկոչ Վարդանը պիտի ճամփենք,− ըսավ Մանուկ աղա։
− Ինչո՞ւ, ի՞նչ կա որ,− հարցուց աաենապետը։
− Ատանկ պետը եղավ… քու մեկնելեդ ետքը Սասանյան