Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու ես աթոռի վրա նստեր եմ․․․ թող այդչափ խոտոզմի չըլլա, անոր էրիկը հարուստ վաճառական է նե՝ իմ էրիկս ալ այստեղի Թաղ. Խորհրդին ատենապետն է, հարկավ ժամուն մեջ ինծի ավելի պատիվ պիտի ընեն…

− Ճանը՛մ, դուն ալ ինչո՞ւ համար աթոռդ ճիշտ անոր կեցած տեղը դնել տվեր ես։

− Քեյֆս ուր ուզե նե՝ հոնտեղ դնել կուտամ, ո՞վ կրնա խառնվիլ…

− Պարապ տեղը ասանկ խնդիրներ հանեցիր մեջտեղ….

− Խնդիրի բան չկա, դուք եք, որ կարևորություն կուտաք կոր։

− Ինչ որ է, կա՛րճ կապենք,− գոչեց Պողոս էֆ. գրգռված կերպարանքով մը,− վաղը հաշիվը տեսեք, ճամփեցեք այդ ժամկոչը։

− Կմոռնաս, որ Վարդան աղբարը դուն ձեռքով բերիր եկեղեցին դրիր,− ըսավ Շազիկ։

− Ի՞նչ ընեմ, դուն գլխուս փաթթեցիր այդ մարդը։

− Վարդանը իմ ոչ աղբարս է և ոչ ալ ազգականս, եկավ աղաչեց, ոտքերս ինկավ, ես ալ բարիք մը ընելու համար քեզի ըսի, որ եկեղեցիին ժամկոչ ըրե, քանի որ այն ատեն հին ժամկոչն ալ հայրենիք գացած էր… խեղճ մարդը շատ շնորհքով իր գործը կտեսնա կոր… տիկին Սաթենը եթե մեր ժամեն գոհ չէ՝ թող ուրիշ ժամ մը երթա, ժամուն խըթլըխը չկա յա…

Պողոս էֆ. տեսավ, որ վիճաբանությունը շատ պիտի երկարի, ուստի իր պաշտոնակիցներուն դարձավ և ըսավ.

− Դուք վաղը առտու խորհրդարան գտնվեցեք, ես ալ կուգամ ու խնդիրը կկարգադրենք։

Թաղականները մեկնեցան։

Ալ անկե ետքը տիկին Շազիկի սևեռուն գաղափարը եղավ ժամկոչ Վարդանին խնդիրը։

Պտույտի միջոցին, իրիկվան կերակուրին, կերակուրեն ետքը, անկողնին մեջ, հետևյալ առտու կանուխ, վերջապես անընդհատ իր ամուսնուն գլուխը տարավ։ Հետզհետե ժամկոչին ճամփվիլը ահագին համեմատություններ կառներ իր աչքին։ Իրեն այնպես կթվեր, որ բոլոր թաղին մեջ խաղք ու խայտառակ պիտի ըլլար, թե իր Թաղ. Խորհրդի ատենապետի կնոջ դիրքը պիտի կործաներ և ինչ որ ամենեն սարսափելին էր, ծաղր ու ծանակ պիտի ըլլար տիկին Սաթենի առջև։

Իզուր ամուսինը կջանար համոզել, թե ժամկոչին արտաքսումը