Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կհատկանշե Ղուկաս էֆենտիին իր ներկա բարձրության մեջ, ընտանիքի, պատիվի, բարոյականի մասին ունեցած աններող նախանձախնդրությունն է։

− Ընտանիքը պատիվը, բարոյականն է մեզ անասուններեն զանազանողը,− կդավանի։

Եվ ամեն ատեն, ոևէ մարդու մը իրական արժանիքը չափելու համար, կդիմե անոր պատիվի ու բարոյականի քանակին։

Ասոր համար Ղուկաս էֆենտի մասնավոր հարգանք ու ակնածանք կներշնչե իր շրջանակին մեջ։ Ոչ ոք կհամարձակեր իր քով «վրան բաց» խոսքեր ընել կամ «անբարոյական» դեպք մը պատմել։

− Էֆենտին անանկ բաներեն չախորժիր,− կըսեին իրարու։

Իր գրագիրներն ու պաշտոնյաները, որոնք գիտեին անոր պատիվի ու բարոյականի մասին ունեցած մենամոլությունը, կջանային պատվավորության և բարոյականության արտաքին շպարով մը ծածկվիլ ամեն ատեն, քանզի ասով միայն կրնային հուսալ իր համակրանքը շահիլ և գործերնուն մեջ հառաջդիմել։

Ընտանեկան բարոյական մանավանդ, սրբազնասուրբ բան մըն էր Ղուկաս էֆենտիի համար և վայ այն կնոջ կամ մարդուն, որուն մեկ ընտանեկան անբարոյականությունը կհրապարակվեր։ Այդպիսին ոևէ շնորհ չէր կրնար գտնել իր առջև։

Ահա այսպիսի նկարագրով մարդ մըն էր Ղուկաս էֆենտի Կելկիթյան:


ԳԼՈԻԽ Դ

Հինգշաբթի գիշերվան հացկերույթը և երեկույթը շատ փայլուն անցան։ Հոն էին Բերայի գրեթե բոլոր «ազնվաշուք» ընտանիքները, որոնք հետաքրքիր՝ կդիտեին Փարիզեն եկող այդ հարուստ ու վայելուչ երիտասարդը, որուն համար կըսվեր արդեն իսկ թե քանի մը օրեն պիտի նշանվեր օրիորդ Ռոզիկի հետ։

Հակառակ Կելկիթյաններու ծայրահեղ գաղտնապահության՝ լուրը տարածված էր ամբողջ Բերայի մեջ, թեև այդ մասին ոչ ոք ակնարկություն մը կըներ աղջկան ծնողքին, քանի որ անոնք տակավին չէին ուզեր իրենց գաղտնիքը երևան հանել։

Երեկույթին ներկա էին նաև տեր և տիկին Աբգար Սմսարյան