թեև համակարծիք չեմ, բայց շիտակը խոսելու համար շատ կհարգեմ զինքը, որովհետև վստահ եմ, որ ամեն խնդրի մեջ անկեղծ համոզումով կվարվի։
Հակառակորդի մը − մանավանդ դիրքով ու նյութական կարողությամբ իրմե շատ ստորին հակառակորդի մը − տրված այս գովեստները անհաճո թվեցան Մարգար էֆենտիի, որ հայտնի սրտնեղությամբ պատասխանեց։
− Կտեսնենք, թե այդ անկեղծ համոզումները քանի փարա կարժեն… գալով Ռափիկ աղային՝ ինե բարև ըրե՝ և ըսե, որ իր բռնած ընթացքը շատ տարօրինակ կգտնեմ… երբ Միհրանիկ էֆենտիին հետ եկանք Խորհրդարան եղածին դեմ բողոքելու, մեզի համակարծիք երևցավ և ինքն ալ քեզի հետ խոստացավ հետևյալ առտու ժամկոչը ճամփել։
− Ռափիկ աղան թոհաֆ մարդ մըն է,− պատասխանեց թաղականը,− մեկու մը հետ ավրվիլ չուզեր, անոր համար այս տեսակ խնդիրներու մեջ որոշ դիրք մը չբռներ։
− Բայց այդ ընթացքով թե՛ զիս և թե՛ Պողոս էֆենտիին դժգոհ կձգե։
− Իրավունք ունիք։
− Մինչդեռ եթե երկուքես մեկու կողմը բռնե, գոնե անոր բարեկամությունը կշահի։
− Շատ իրավացի է ձեր դիտողությունը։
− Ու եթե ինքը քիչ մը խելք ունի՝ պետք է որ իմ կողմս բռնե, որովհետև իմ բարեկամությունս ավելի օգտակար կրնար ըլլալ իրեն, քան թե Պողոս էֆ-ինը։
− Շատ շիտակ է։
− Ասոնք իրեն հասկցուր, Ռափիկ աղա կարծեմ ոսկերիչ է։
− Այո՛,− պատասխանեց Մանուկ աղա։
− Կարողություն ունի՞…
− Մեծ բան մը չէ. օրե կվաստկի, օրե կուտե։
− Ապրանք չունի՞…
− Չէ՛, բայց պետք եղած ատեն ինչ ապրանք որ պետք ըլլա՝ կգտնե։
− Այսինքն միջնորդությո՞ւն կընե։
− Այո՛, իր քովը գտնված քարերը չնչին բաներ են։ Բայց Մարգար էֆենտի, ինչո՞ւ այդչափ կհետաքրքրվիս այդ բաներով, արդյոք բանի մը պե՞տք ունիք․․․