արդյունքին կսպասեմ… զորավարները պատերազմին մեջ չեն մտներ, հեռուեն կկաոավարեն։
− Քեզի պես զորավար ըլլալեն ետքը՝ հալերնիս յաման է,− պատասխանեց կինը արհամարհական ժպիտով մը։
− Քիչ մըն ալ համբերե, կիմանաս…
− Նստած տեղերնիս ի՞նչ պիտի իմանանք։
− Ճամը՛մ, երկար մի ըներ, ես ամեն բան կարգադրած եմ, Միհրանիկ էֆենտին ու Մանուկ աղան պիտի գան, լուր պիտի բերեն։ Քիչ մը համբերե։
− Երկու շաբաթ է կհամբերեմ կոր, ալ բավական չէ՞… ամեն մարդ վրանիս կխնդա կոր, խապա՞ր ես, աճապա։
− Մենք ալ ետքը ամենուն վրա աղեկ պիտի խնդանք…
Տիկին Սաթեն առանց պատասխանելու բարկության շարժումով մը դուրս եկավ սենյակեն։
Մարգար էֆենտի թեթևացումի հառաչանք մը արձակեց և սկսավ շարունակել իր ընթերցումը։
Իր հաղթանակին վրա վստահ էր։ Ռափիկ աղան շահած էին իրենց կողմը, Գարեգին ապահովաբար չեզոք պիտի մնար կամ թերևս հրաժարվեր իսկ։ Այսպես ուրեմն, Պողոս էֆ. առանձին կմնար երեք թաղականներու դեմ, որոնք նույն օրը պիտի պահանջեին արտաքսումը։
Մյուս կողմե «Պայքար Լսարանը» հսկա ցույց մը պիտի ըներ և ի հարկին բռնի միջոցներու ալ պիտի դիմեր՝ ճնշելու համար Թաղ. Խորհրդի ատենապետին վրա։
Բոլոր այս մանրամասնությունները ծանոթ էին տիկին Սաթենին և ինքն ալ իր ամուսնույն չափ հավատք ուներ հաղթության մասին։ Բայց և այնպես կաշխատեր մտրակելու իր ամուսնույն արժանապատվությունը, որպեսզի անոր եռանդը միշտ վառ մնա։ Կվախնար մանավանդ, որ վերջին վայրկյանին իրենց մարդիկը կտկարանան և սխալ մը կգործեն, և ճիշտ ասոր համար կուզեր, որ Մարգար էֆենտի անձամբ հսկե տեղի ունենալիք գործողություններուն։
− Ճանը՛մ, հերիք կարդացիր, գնա նայե ի՞նչ կընեն կոր մերինները։
Վաճառականը ստիպվեցավ երկարորեն բացատրել այն անպատեհությունները, որոնք կրնային հառաջ գալ մարտիկ խումբերուն մեջ իր ներկայութենե։