Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինք այդպիսի կերպով կարգադրած էր, որ խնդիրը հանրային կերպարանք մը ստանար, ժողովուրդը և թաղականները ըլլային ժամկոչին վտարումը պահանջողները և ոչ թե Մարգար Սասանյանը։ Որովհետև իրեն դիրքը ունեցող մարդու մը չէր վայելեր այդ տեսակ չնչին խնդիրներով զբաղիլ։ Եթե դուրս ելլեր, բնականաբար պիտի գային զինքը շրջապատեին և ինքը հայտնի պարագլուխը պիտի ըլլար մղված պայքարին և եթե երբեք անհաճո դեպքեր ալ պատահեին՝ պատասխանատվությունը իր վրա պիտի ծանրանար։ Ասոնցմե զատ, կրնար ըլլալ, որ հակառակ կողմեն իրեն նախատինք մը ընեին, ինչ որ ծանրակշիռ հետևանքներ կրնար ունենար։

Այս բոլոր պատճառաբանությունները իրավացի թվեցան տիկին Սաթենի, որ մեղմ ու հաշտարար շեշտով մը ըսավ.

− Իրավունք ունիս, տեղդ նստե։

Քիչ մը ետքը տիկին Նվարդ եկավ այցելության, հուզված, շփոթված կերպարանքով մը։

− Ինչո՞ւ ասանկ հուզվեր ես, ո՞ւրկե կուգաս,− հարցուց տիկին Սաթեն զայն դիմավորելով։

− Եկեղեցի գացի հոնկե կուգամ,− պատասխանեց Նվարդ գլխարկը հանելով։

− Պատարագը լմնցա՞վ…

− Չէ՛, արդեն ներս չմտա որ…

− Ինչո՞ւ համար։

− Էրիկս դեմս ելավ բակին մեջ, ըսավ, որ հոս մի կենար, ել գնա… իրարանցում պիտի ըլլա եղեր։

− Չէի՞ր գիտեր։

− Գիտեի, բայց կկարծեի, որ թաղականները իրենց մեջ խնդիր պիտի ունենան, մինչդեռ հիմա ժողովուրդն ալ մեջ մտեր է։ Ամբողջ բակը լեցված էր… աճապա, էրկանս գլխուն փորձանք մը կուգա՞, ի՞նչ կըսես, Մարգար էֆ…

− Մի վախնա՞ր, բան չիկա, ամենքն ալ մեր մարդիկն են, պատասխանեց Մարգար էֆենտի խորհրդավոր ժպիտով մը։

− Ուզեցի հետս բերել, չեկավ, − շարունակեց տիկին Նվարդ, դուն գնա Մարգար էֆենտիենց նստե, ես հոն կուգամ, քեզի կառնեմ, ըսավ։

− Շատ աղեկ ըրեր ես, մենք ալ միս մինակ սրտերնիս կնեղանար,− պատասխանեց տիկին Սաթեն։

− Ժամեն դուրս ելած ատենս ո՞վ դեմս ելլե աղեկ…