Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խենթ կըլլան վրան, բոլոր զինքը ճանչցողները կսիրեն… երբոր ավելի մոտեն ճանչնաք, պիտի տեսնաք որ ինչ բնության, ինչ վարք ու բարքի տեր է…

− Աստված պահե,− ըսավ Թագուհի, որ կհասկնար, թե ուր պիտի հանգեր խոսակցությունը։

− Ձեր աղջիկն ալ աստված պահե, աrաջին տեսնելուս սիրեցի, վրայեն հայտնի է, որ շատ պարկեշտ, շատ համեստ, շատ կրթված աղջիկ է…

− Այդչափ հավնեցար նե՝ ձեզի տանք,− պատասխանեց Թագուհի խնդալով։

− Ինչո՞ւ չէ,− ըսավ մյուսը,− եթե աստուծո կամքը այդ է:

Երկու խոսակիցները վայրկյան մը լռեցին։ Նույն միջոցին, քիչ մը անդին նստող խոշոր ու տարիքոտ կին մը, որ առանձին մնացած էր, գոչեց.

− Տիկին Թագուհի, այս ինչ բան է, ալ նոր հյուր ունեցար տեյի, մեզի բոլորովին մոռցար, երեսնիս անգամ չես նայիր կոր… բայց անիկա կելլա, կերթա, դարձյալ մենք կմնանք։

− Շիտակը ես ալ կնախանձիմ կոր այդ ձեր մտերմության վրա, արդյոք հինուց իրար կճանչնայի՞ք,− մեջ մտավ նաև տիկին Սմսարյան։

− Չէ, դեռ քանի մը օր է իրար ճանչցանք, սակայն քրոջ պես իրարու կապվեցանք,− ըսավ տիկին Անթառամ։

Եվ ահա խոսակցությունը ընդհանուր դարձավ, բայց տիկին Թագուհի այլևս կասկած չուներ Կոկիկյանենց տրամադրության վրա, կարելի էր գործը լմնցած համարել։

Երբ կեսգիշերեն ետքը հյուրերը մեկնեցան, տիկին Թագուհի իր աղջիկը հարցուփորձելե ետքը, ալ բոլորովին ապահովվեցավ և ամուսնույն հաղորդեց բարի լուրերը։

Ղուկաս էֆենտին ուրախացավ, այսպես ուրեմն՝ գործը իր ուզածին պես եփած էր, առանց ձգձգումի և առանց արտաքին արգելքներու։ Հիմա կմնար դրամօժիտի խնդիրը, տղան անշուշտ բավական գումար մը պիտի պահանջեր, ինչ որ արդեն աչք առած էր Ղուկաս էֆ. բայց եթե իր հավակնությունները չափազանց ըլլային, եթե ելլեր 8-10 հազար ոսկի ուզեր, այն ատեն գործը կխանգարեր։

− Եթե իրավցնե աղջկան սիրահարած է՝ գործը քիչով կըրնանք կարգադրել,− ըսավ կնոջը…− դուն նորեն Ռոզիկին ըսե,