Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ի՜նչ հիմարություն,− կմտածեր ինքնին,− արժանապատվության համար փայլուն, նախանձելի դիրք մը զոհել։ Իրեն համար ավելի շահավոր չպիտի՞ ըլլար Մարգար էֆենտիի կողմը բռնել, նույնիսկ եթե այդ վերջինը անիրավ ալ ըլլար։ Հարուստ, ազդեցիկ մարդ էր, միշտ կարելի էր օգտվիլ անոր բարեկամութենեն։ Իսկ թշնամությունը ամեն ատեն կրնար վնասարար ըլլալ։

− Եկուր վազ անցիր սա հրաժարականեդ և քու ու մեր գլխուն փորձանք մի բանար,− աղաչեց, խոսքը երիտասարդին ուղղելով։

Բայց Գարեգին համառորեն գլուխը շարժեց և ըսավ․

− Որոշումս տրված է։

− Ահա Նարդիկը կուգա կոր,− ըսավ Սահակ ձեռքով ցույց տալով։

Երիտասարդը գլուխը դարձուց և տեսավ իր նշանածը, որ հեռվեն կուգար։

− Աման, այս խոսքը գոցենք,− ըսավ ոսկերիչին ու ոտքի ելավ, ուրախ դեմքով մը գնաց մանկամարդ աղջիկը դիմավորելու։

Նարդիկ, որ իր նշանածին մտահոգ կերպարանքեն ազդված էր, այս անգամ խաբվեցավ Գարեգինի կեղծ զվարթութենեն և այնպես ենթադրեց, որ եղածը անցողիկ բան մըն էր առանց կարևորության և ինքն ալ զվարթորեն սկսավ տեսակցիլ նշանածին հետ։

Սակայն՝ Սահակ աղան չէր կրնար անտարբեր մնալ իրեն եղած հայտնություններեն ետքը։ Պատրվակ մը գտնելով երկու երիտասարդները թողաց և ինք տուն վերադարձավ, ուր կացությունը պարզեց իր կնոջ՝ Փեմպե հանըմին։

Խեղճ կինը իր ամուսնույն չափ այլայլեցավ։

− Ատանկ գործ մը մարդ կթողո՞ւ կեցած տեղը, խե՞նթ է, ի՞նչ է այդ երիտասարդը,− կկրկներ չհավատալով իր լսածներուն։

− Ես ալ անանկ ըսի, շատ բան խոսեցա, բայց օգուտ չըրավ։ Գարեգինը շատ աղեկ տղա է, բայց պակասություն մը ունի, համառ է և անգամ մը միտքը բան մը դնե՝ ալ անկարելի է զինքը ետ կեցնել։

Բայց իր ձեռքով իր տունը կքանդե կոր…

− Բայց հիմա մենք ի՞նչ պիտի ընենք, ան որոշենք,− ըսավ ոսկերիչը,− ինչպես քեզի ըսի, վաղը որոշ պատասխան մը կուզեր մենե։

− Նարդիկին չհարցուցած, բան մը չենք կրնար ընելլ։