Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թաղեցիներ ու խուռն բազմություն մը լեցված էր բակը։

Ամեն մարդ կուզեր, որ լսվի իր կարծիքը և իր տեսությունները պարզե։ Եթե այդ պահանջին գոհացում տալ ուզեին երկու վարչական պատվիրակները, հարկ էր, որ առնվազն ամիս մը քննություն տային։

Մեկ քանի անհրաժեշտ վկաներ լսելե ետքը, որոշեցին քննությունը փակված հայտարարել և մեկնիլ։

Բայց ահա այդ որոշումը դուրսը իմացվեցավ և բուռն իրարանցում առաջ բերավ։

− Ժողովուրդն ալ լսեցե՛ք,− կպոռային բակեն,− միակողմանի քննություն չըլլար։

− Կբողոքենք, ժողովրդի ձայնը խեղդել կուզեք։

− Մեզի ալ պիտի լսե՛ք, մենք ալ ըսելիք ունինք։

Այս տեսակ աղաղակներ կբարձրանային ամեն կողմե։

Երկու պատվիրակներ տեսան, որ կարելի չէր այդ ամբոխին ձեռքեն ազատիլ։ Սափորյան էֆենտի որոշեց դուրս ելլել ու խոսիլ բազմության։

− Պարոններ,− ըսավ, − Վարչության պատվիրակները ամենայն անկողմնապահությամբ լսեցին պետք եղած բոլոր վկաները և իրենց կարծիքը շինեցին, զոր տեղեկագրով մը պիտի մատուցանեն Վարչության, և վստահ եղեք, որ ազգային իշխանությունը արդարությամբ պիտի կարգադրե խնդիրը, ուստի հանուն Վարչության կխնդրենք, որ հանդարտությամբ ձեր տեղերը վերադառնաք և սպասեք մեր որոշումին։

− Մեզի ալ պետք է, որ լսեք, ժողովրդին ձայնը չեք կրնար ոտնակոխ ընել,− գոչեցին քանի մը ձայներ։

− Բայց անկարելի է, որ մեկիկ-մեկիկ կրնանք ձեզի մտիկ ընել։

− Պետք է, որ ընեք, եթե ոչ, թող չենք տար, որ դուրս ելլեք։

Եվ իրենցմե տաքգլուխ մը դռան քով կեցողներուն դառնալով՝ գոչեց.

− Տղա՛ք, եկեղեցիին դուռը գոցեցե՛ք։

Հրամանը իսկույն գործադրվեցավ։

− Բայց ասիկա պարզապես ճնշում բանեցնել ըսել է ազգային իշխանության վրա,− գոչեց փաստաբանը բարկությամբ։

− Ժողովուրդը ազգային իշխանութենեն բարձր է,− պատասխանեց «Պայքար Լսարանի» անդամներեն մեկը։