− Ինծի ալ քիչ մը անանկ կերևա կոր,− պատասխանեց փաստաբանը, հողային դատին վրա մտածելով։
− Արդեն այդ համոզումը գոյացուցի՞ր,− գոչեց վաճառականը ուրախությամբ։
− Այսինքն՝ տպավորությունս այն է, որ Պողոս էֆ. պետք է քաշվի, որպեսզի թաղը հանդարտի։
− Պրավո՛, շատ աղվոր դատեր ես կացությունը, եթե այդ մարդը պաշտոնի վրա մնա, հավատացե՛ք արյուն պիտի թափի։
− Ի՞նչ կըսեք, Մարգար էֆենտի, խնդիրը այդքան ալ մի չափազանցեք։
− Արդեն քանի մը անգամ կռիվ ու ծեծկվուքներ եղան թաղին մեջ և պայքարը հետզհետե սուր հանգամանք մը կառնե կոր։
− Ուրեմն ժամ առաջ վերջ տալու է խնդրին,− պատասխանեց փաստաբանը։
− Ատիկա ձեր ձեռքն է, ամեն բան ձեր տալիք տեղեկագրեն կախում ունի։
− Այնպես է, բայց տեղեկագիրը ես առանձին չպիտի պատրաստեմ, ընկեր ունիմ հետս։
− Այո՛, գիտեմ, տոքթ. Ծրարյանը, որ փոխանակ մեզի գալու, դժբախտաբար Պողոս էֆենտիին տունը ճաշի գնաց… ո՞վ գիտե ինչ սուտերով գլուխը լեցուցած են։
− Ես ալ ճիշտ այդ վախը ունիմ։
− Բայց վերջապես ճշմարտությունը կարելի չէ ծածկել․․․ այդ տոքթորը ես չեմ ճանչնար, ինչպե՞ս է արհեստի մեջ։
− Շատ փորձառություն ունի կըսեն։
− Մեր տիկինը քիչ մը ջղային է և լուրջ խնամքի պետք ունի, արդյոք մեյ մը անոր ցույց տա՞նք, ի՞նչ կըսես։
− Աղեկ կըլլա։
− Ինչ որ է, վաղը երբոր տեսնվինք, այս մասին ալ կխորհրդակցինք… դուն իր տրամադրությունները իմացիր և ինծի հաղորդե։
Մարգար էֆենտի և իր հյուրը վերադարձան սալոն ու Վարչության պատվիրակը իր հարգանքները մատուցանելե ետքը տիկին Սաթեն մեկնեցավ դեպի եկեղեցի՝ քննությունները առաջ տանելու համար։
Տոքթ․ Ծրարյան և Պողոս էֆենտի, ինչպես նաև մյուսյու Գարեգին հոն արդեն իրեն կսպասեին։