Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անոր մեծամտությունն ալ չունին… սա գրած նամակը նայե մեյ մը… անամոթը… եթե իր երեսեն հարյուր հազար ոսկի վաստկելս գիտնամ նե՝ ոտքը վաճառատանս սեմեն ներս չեմ մտցներ… ինչ որ է, առայժմ մնաք բարով, նորեն կտեսնվինք… կուզե՞ս որ մեկ քանի պարկեշտ երիտասարդ ղրկեմ, որպեսզի հարմարագույնը ընտրես, Գարեգինի տեղը։

− Առայժմ մեկ-երկու օր թող անցնի։

− Վա՛յ անպիտան, ասանկ նամակ կգրվի՜… որչափ բարկանաս իրավունք ունիս… եթե այս նամակը ինծի գրած ըլլար՝ դատ կբանայի իրեն դեմ… սա խլեզը նայե, Հակոբ էֆենտիի պես պատկառելի անձնավորության մը ասանկ բաներ գրե…

Եվ Մարգար էֆենտի ծերունիի մոտեն հեռացավ գայթակղած դեմքով մը։

Փողոցը ճամփան շարունակեց զվարթ տրամադրության մը ներքև։

− Վերջապես,− մտածեց գոհունակությամբ,− այդ սրիկան վռնտել տվի, թող հիմա անգործ պտտի ու հասկնա, թե ինչ ըսել է Մարգար էֆենտիին դեմ գործել… թող աշխատի՜ ուրիշ վաճառականի մը քով գործ գտնելու։

Եվ վաճառականը ինքնիրեն որոշեց ամեն միջոց ձեռք առնելու, որպեսզի երիտասարդը ուրիշ տեղ մը չկրնա տեղավորվիլ։

− Ասանկները անոթի ձգելու է, որ մարդ ըլլան,− կմտածեր։

Վրեժխնդրական այս տրամադրություններով առաջ կերթար և էմինեոնյուի հրապարակը հասած էր, երբ ետևեն ձայն մը հնչեց։

− Բարև՜, Մարգա՛ր էֆենտի, ո՞ւր այսպես։

Վաճառականը ետին դարձավ։ Փաստաբան Սափորյան էֆենտին էր, սև, խոշոր պարութա մը թևին ներքև։

− Տեղ մը գացեր էի տե՝ հիմա գրասենյակ կդառնամ կոր,– պատասխանեց վաճառականը։

− Աղեկ հանդիպեցանք, ես ալ ձեզի տեսնել կուզեի,− ըսավ փաստաբանը։

− Ի՞նչ բանի համար։

− Տեղեկագիրը տվի Վարչության։

− Իրա՞վ կըսես, ի՞նչ շուտ։

− Ես անանկ եմ, ինծի հանձնված գործը շուտ մը կտեսնեմ… բնությունս այսպես է։

− Ե՞րբ տվիր։