Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Հիմա, այս առտու, գրագրիս հետ ղրկեցի․․․ աղվոր բան մը եղավ, շատ պիտի հավնիս։

− Իրա՞վ կըսես։

− Թաղ. Խորհրդին խերը անիծեցի։

− Մեյ մը չե՞մ կրնար տեսնել, գոնե օրինակը։

− Դժբախտաբար օրինակը չպահեցի քովս, ասկե զատ, Մարգար էֆենտի, սովորություն չէ այս տեսակ թուղթերը նախապես ուրիշներու ցույց տալ, հետո ծանր պատասխանատվաթյուն կուգա վրաս։

− Իրավունք ունիս։

− Բայց կկրկնեմ․ ուզածեդ ավելին է։

Վաճառականը մեծ ուրախությամբ լսեց այս ավետիսը, միայն թե կփափաքեր տեղեկագրին մանրամասնությունները իմանալ։

− Եթե ժամանակ ունիք՝ քիչ մը մեր գրասենյակը հանդիպինք,− առաջարկեց փաստաբանին։

Այս վերջինը ժամացույցը նայեցավ, պահ մը մտածեց, գրպանեն փոքրիկ տետրակ մը հանեց, թղթատեց և ի վերջո ըսավ․

− Երեսունըհինգ վայրկյանի չափ կրնամ տրամադրել ձեզի։

Միասին ուղղվեցան Մարգար էֆենտիի գրասենյակը, ուր փաստաբանը կարգ մը մանվածապատ խոսքերե ետքը հայտնեց, թե քանի մը օրվան համար տասը ոսկիի անհրաժեշտ պետք ուներ։ Վաճառականը փութաց այդ փոխառությունը կնքելու։

− Մինչև հինգ օր անպատճառ կվերադարձնեմ,− ըսավ Սափորյան էֆենտի, ոսկիները գրպանելով։

Եվ փոխարինելու համար վաճառականին ցույց տված հաճոյակատարաթյունը՝ մանրամասն պատմեց տեղեկագրին իմաստը։

− Ի նպաստ Պողոս էֆենտիի եղած վկայությունները ամենքն ալ կասկածելի ցույց տրված են,− ըսավ,− իսկ ընդհակառակը՝ ընդդեմ վկայություններուն մեծ կարևորություն ընծայված է։

− Արդեն ճշմարտությունն ալ այդ է,− հաստատեց վաճառականը։

− Թաղին մեջ տիրող հուզումը պատմված է և անոր ամբողջ պատասխանատվությունը ծանրացուցված է Թաղ. Խորհրդին վրա։

− Բուն իրողությունն է։

− Ժամկոչ Վարդանին խնդիրն ալ շոշափած եմ ու եկեղեցիին մեջ էղած աթոռի դեպքը որակած եմ «իշխանության չարաչար զեղծում»։