շարունակեց Պողոս էֆենտի,− և խնդիրը մանրամասն պատմել տալե ետքը՝ ինձ խորհուրդ տվավ հրաժարելու։
− Չպետք է հրաժարիլ,− գոչեց Սուսերյանց,− դա կլինի դավաճանություն հասարակական շահերի դեմ։
− Եվ դասալքություն,− ավելցուց պարոն Թորգոմ։
− Արդեն ես ալ չհրաժարեցա ու մերժեցի իր առաջարկը։
− Շատ աղեկ ըրեր եք։
− Եվ նոր քննություն պահանջեցի։
− Այո՛, պետք է նոր քննություն կատարել, ատիկա անհրաժեշտ է,− դիտել տվավ ուսուցիչը։
− Եվ ժողովրդին ուղղակի հսկողության ներքև պետք է կատարվի քննությունը,− ավելցուց Սուսերյանց։
− Բայց ինչպե՞ս կարելի է ատիկա,− դիտել տվավ ներկաներեն մին։
− Քննիչին քով ներկայացուցիչներ կարգելով ժողովրդին կողմե։
− Դժվար բան է այդ․․․
Թողունք, որ պարոն Թորգոմ, ընկեր Սուսերյանց և Պողոս էֆենտին հարթեն այդ դժվարությունները իրենց ըմբռնած ձևով և մենք քիչ մը երթանք տիկիններու կողմը, որոնք, ըստ արևելյան սովորության, էրիկ մարդերեն անջատված, խումբ մը կազմեր և ոգևորությամբ կխոսակցեին։
− Կերդնում, որ ճիշտ է ըսածս,− կըսեր տիկին Շազիկ,− ես ալ չուզեցի հավատալ, բայց ի վերջո հավատացի։
− Ո՞վ ըսավ։
− Բուն իսկ աչքովը տեսնողը պատմեց։
− Ես եթե աչքովս ալ տեսնեմ, չեմ հավատար,− հայտարարեց տիկին Նվարդ։
− Այդ տարբեր բան, տիկին Սաթենը քու բարեկամուհիդ է, քեզի այդպես ըսել կիյնա,− պատասխանեց Շազիկ,− բայց ես իմ ըսածիս վրա կպնդեմ։
− Բարեկամուհիս է, այո՛, և գիտեմ, որ շատ պարկեշտ կին մըն է։
− Ան պարկեշտ երևացողներեն վախնալու է ամենեն ավելի։
− Առանց ապացույցի, ամուսնացած կնոջ մը մասին այդ տեսակ խոսքեր ընելը պարզապես մեղք է։