Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ապացո՞ւյց, դեռ ի՞նչ ապացույց կուզես,− գոչեց տիկին Շազիկ,− աչքովը տեսնողը պատմեց կըսեմ կոր․․․

− Չեմ հավատար։

Տիկին Նվարդի այս խոսքերուն վրա Շազիկ իր մոտը կանչեց տասը տարեկան աղջկան մը, որ աչքերը խոշոր բացած ու ականջները սրած՝ մտիկ կըներ այս կանացի խոսակցության։

− Աղջիկս,− ըսավ անոր,− սա մյուսյու Նշանիկը քիչ մը հոս կանչե։

Փոքրիկը վազելով հեռացավ։

− Մյուսյու Նշանի՞կն է ականատես վկան,− հարցուց Նվարդ թերահավատ դեմքով մը։

− Հրամմեր ես, կարծեմ անիկա ալ ինծի պես մասնավոր հակառակություն մը չունի տիկին Սաթենի հետ։

− Չեմ գիտեր, բայց ամեն պարագային կուզեմ տեսնել, թե ի՞նչ պիտի պատմե…

Նույն միջոցին երիտասարդ խմբագիրը ներս մտավ և գլխովը ողջունեց ներկա տիկինները։

− Հոս մոտս եկուր,− ըսավ Շազիկ նորեկին,− սանկ, նստե, քեզ հարցնելիք ունիմ։

− Շատ աղեկ, տիկին,− պատասխանեց Նշանիկը չափազանց գոհ մնալով իրեն ընծայած կարևորութենեն։

Եվ բազմեցավ թաղականին կնոջ քով։

− Բայց նախ խոսք տուր որ բան մը չպիտի ծածկես,− ըսավ Շազիկ։

− Ըսեք թե ի՞նչ է խնդիրը։

− Առաջ խոսք տուր։

− Շատ աղեկ, կխոստանամ,− կմկմաց խմբագիրը։

− Լավ, հիմա մեկիկ-մեկիկ, ըսե ինչ որ ինծի պատմեցիր տիկին Սաթենի մասին։

Նշանիկ վարանեցավ։ Զգաց, որ անախորժ դիրքի մը մեջ կդնեին զինքը և զղջաց անգիտակցաբար խոսք տված ըլլալուն համար, սակայն ուշ էր։

− Բայց կարծեմ կարևոր բան մը չըսի,− պատասխանեց։

− Կրկնե, ինչ որ պատմեցիր,− պնդեց Շազիկ։

− Նշանակություն ունեցող բան մը չէ։

− Ինծի համար մեծ նշանակություն ունի, քանի որ հոս չհավատացողներ ու զիս խաբեբա ստախոսի մը տեղ դնողներ կան։