Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճաշելը… վերջապես դուն գիտես, շնորհքով բան մը գրե իմ կողմես։

Հետևյալ իրիկուն Ղուկաս էֆենտի ալ մոռցած էր Հակոբ աղայի խոսքերը և զվարթ տրամադրությամբ մը գնաց օթել Պրիսթոլ՝ իր կնոջ և աղջիկներուն հետ։

Ճաշեն ետքը, տիկին Անթառամ հայտնեց տիկին Թագուհիի, թե քանի մը օրեն իր տղուն հետ պիտի գար պաշտոնապես Ռոզիկի ձեռքը խնդրելու Լևոնին համար և թե տղան շատ կփափաքեր հարսնիքը շուտով կատարել ու անմիջապես Փարիզ վերադառնալ։

— Այդ դյուրին է, ինչպես որ կուզեք, այնպես կընենք,— պատասխանած էր տիկին Թագուկ։

— Միայն թե,— ավելցուցած էր Անթառամ,— տղան այդ պաշտոնական այցելությունեն առաջ կփափաքեր Ղուկաս էֆենտիի հետ առանձին տեսակցություն մը ունենալ, կարևոր մանրամասնությունները կարգադրելու համար։

Ապահովաբար խնդիրը դրամօժիտի մասին էր։ Թագուհի ըսավ, թե անմիջապես իր էրկանը պիտի հաղորդե Լևոն էֆենտիի փափաքը և իրավ ալ պահ մը Ղուկաս էֆենտիի հետ առանձնանալե ետքը, լուր բերավ, որ երկուշաբթի առտու էֆենտին իր գրասենյակին մեջ պիտի սպասե փեսացուին։

— Իցիվ, թե քիչով գործը կարգադրեինք,— կմտածեր Ղուկաս էֆենտի, դիտելով իր աղջիկն ու Լևոնը, որոնք թև թևի, ուրախ զվարթ կերթևեկեին պարասրահին մեջ, անուշադիր իրենց շուրջի իրարանցումին և միմիայն իրենք իրենց մեջ ամփոփված։

Երկուշաբթի օր էֆենտին գրասենյակ եկավ։ Եվրոպական սուրհանդակը հասած էր և նամակներու ծրարին մեջ կգտնվեր ճիշտ այն նամակը, որուն կսպասեր, այսինքն՝ Փարիզի բարեկամին բացատրողական գիրը։

Ղուկաս էֆենտի՝ բնականաբար՝ նախ և առաջ այդ նամակը կարդաց, որ ջերմ ու խանդավառ ջատագովական մըն էր երիտասարդ ակնավաճառին համար։ Բարեկամը անվերապահորեն խորհուրդ կուտար Ղուկաս էֆենտին՝ աղջիկը տալու Լևոն Կոկիկյանի, որուն նման գործունյա և ճարպիկ երիտասարդ երբեք չպիտի կրնար գտնել։ Գալով հարստության, գրությունը կհավաստեր, թե առնվազն քառասուն հազար ոսկի ըլլալու էր, եթե ոչ ավելի, բայց այդ գումարը Լևոնի ճարտար ձեռքերուն մեջ քանի մը հարյուր հազար ոսկիի գործ կտեսներ։