Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Երկինքեն ինկած բախտ մըն է այս աղջկանդ համար, չըլլա որ ձեռքե փախցնես»,− կըսեր բարեկամը, իր նամակը վերջացնելով:

Հազիվ թե ընթերցումը ավարտած՝ գրասենյակին դուռը բացվեցավ և Լևոն Կոկիկյան երևցավ սեմին վրա:

− Օ, հրամմեցեք, բարով եկաք,− գոչեց Ղուկաս էֆենտի, ոտքի ելլելով։

Եվ իր թիկնաթոռին քով դրված քանափեին վրա հրամցուց:

− Մայրս ձեր տիկնոջ իմացուց մեր դիտավորությունը օրիորդ Ռոզիկի մասին,− սկսավ երիտասարդը, շփոթված ու ամաչկոտ կերպարանքով մը:

− Այո, այո,− պատասխանեց Ղուկաս էֆենտի աշխույժով,– շիտակը ասիկա մեր ալ փափաքն էր առջի օրեն։

− Շատ շնորհակալ եմ, Ղուկաս էֆենտի, հետևաբար չորեքշաբթի օր, եթե կհաճիք, մորս հետ պիտի գանք ու խոսք-կապը ընենք։

− Հրամմեցեք, և վստահ եղեք, որ դուռը երեսնուդ չպիտի գոցենք,− ըսավ Ղուկաս էֆենտի խնդալով։

− Միայն,− կմկմաց երիտասարդը,− արդյոք լավ չըլլա՞ր, որ ապագա դժվարություններու տեղի չտալու համար, այժմեն կարգադրենք ամեն խնդիր…

Ղուկաս էֆենտի տեսնելով երիտասարդին վարանումները և միանգամայն, իբրև գործի մարդ, ուզելով արագորեն կարգադրել ամեն բան, ըսավ.

− Կհասկնամ ձեր միտքը, խնդիրը աղջկանս օժիտին վրա է. լավ, այդ ալ մենք մեր մեջը կկարգադրենք և կարծեմ որ այս մասին դժվարության չենք հանդիպիր։ Նախ ըսեմ, որ ըստ իս, աղջկանս մեծագույն օժիտը իր պարկեշտությունը, ընտանեկան պատիվը և բարոյականն է… հիմա ատանկ բաներու շատ կարևորություն չեն տար թեև, սակայն ինծի համար ատկե թանկագին բան չի կա։ Դրամը շուտով կերթա, բայց բարոյականը, պատիվը կմնա։ Այսուհանդերձ չկարծեք, որ այս խոսքերը կըսեմ հասկցնելու համար, որ աղջկանս դրամօժիտ տալ չեմ ուզեր, քավ լիցի, գիտեմ, որ ինչ է հոր մը պարտականությունը, ասկե զատ փառք աստուծո, աղքատ չենք, քիչ մը դրամ ալ մեր քովը կգտնվի… արդեն իմ հարստությունս որո՞ւնն է, զավակներունս… հետս գերեզման տանելու չեմ։