Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Այդ չըլթիկին ըսոծներուն ո՞վ կարևորություն կուտա, թող ուզածին չափ հաչե ետևես։

− Դուն կարևորություն չես տար թերևս, բայց ուրիշները կուտան և նույնիսկ հավատք ալ կընծայեն։

− Ամեն մարդ գիտե անոր ով ըլլալը։

– Ինչ որ ալ ըլլա քիչ մը ուշադրություն ընելու է և տեղի տալու չէ բամբասանքի։

− Ինչ զարմանալի խոսքեր կընես, ես ե՞րբ տեղի տվեր եմ բամբասանքի։

− Ես իմ ըսածս գիտեմ։

− Չեմ հասկնար կոր միտքդ, քիչ մը բաց խոսե տեսնենք… այսօր տարօրինակ բան մը եղեր ես։

− Տունը մնացած չունիս, մինչև ետքը դուրսերն ես, չգիտցողն ալ բնականաբար բան մը կկարծե ու կսկսի բամբասել։

− Ուրիշներուն անհիմն բամբասանքներուն համար տունը բանտարկվելու չեմ։

− Ինչ որ կուզես, ա՛ն ըրե,− պատասխանեց վաճառականը սրտնեղած։

Պահ մը լռություն տիրեց։

Ամուսինը գրպանեն թուղթ մը հանեց ու սկսավ կարդալ։

− Ինծի քիչ մը դրամ պիտի տաս,− ըսավ տիկինը։

− Ի՞նչ բանի համար,− հարցուց Մարգար էֆենտի ընթերցումը ընդհատելով։

− Վաղը Բերա պիտի ելլեմ, մեկ քանի այցելություններ ունիմ տալիք, հետո կոշիկ մը ապսպրած եմ, անոր դրամը պիտի վճարեմ, մեկ քանի մանր մունր բաներ պիտի առնեմ…

− Բերա՞ պիտի ելլաս,− գոչեց վաճառականը։

− Այո, ի՞նչ կա որ…

− Դեռ շաբաթ օրը գացիր։

− Անկեց ի վեր տասը օր անցավ։

− Վազ անցիր վաղը Բերա երթալեն։

− Չըլլար, անպատճառ պիտի երթամ…

− Անպատճառ,− գոչեց վաճառականը, թերթը մեկ կողմ դնելով,− անպատճառ, ի՞նչ կնշանակե անպատճառ պիտի երթամ… չերթաս նե ի՞նչ կըլլա եղեր։

−Էլ, երթամ նե՝ ի՞նչ կըլլա,− պոռաց Սաթեն, որուն համբերությունը սպառած էր ամուսնույն այս նորօրինակ ընթացքեն։