Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/438

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Գարեջրատուն մը մտան, ուր Մարգար էֆ․ երկու գավաթ գարեջուր ապսպրեց։

Աբգար, շվարած, շփոթած, չէր գիտեր ի՞նչ դիրք բռնել իր պաշտպանին դիմաց։ Առաջին անգամն էր, որ վաճառականը այսպիօի մտերմություն մը ցույց կուտար իրեն։ Երկար ատենե ի վեր, տարիեն ավելի էր, որ երբեք առիթ ունեցած չէր Մարգար էֆենտիին հետ խոսելու։ Վաճառականը զայն տեղավորելե ետքը ալ չէր զբաղած անով, նույնիսկ կարծես ջանացած էր հեռու մնալ անկե և երիտասարդն ալ չէր համարձակած երբեք, ոևէ պատրվակով մոտենալ անոր։ Նույնիսկ Ծնունդի ու Զատկի առթիվ այցելած չէր և գոհացած էր նամակով իր շնորհակալությունները մատուցանելու և հավիտենական երախտագիտությունը հայտնելու։

− Դեռ շատ գործ ունի՞ս,− հարցուց վաճառականը։

− Տակավին գանձումն ալ ունիմ ընելիք։

− Գնա՛, լմնցո՜ւր ուրեմն։

− Անգամ մը գացի՝ կեսօրեն ետքը եկո՛ւր, ըսին։

− Վաղը երթաս նե չըլլա՞ր։

− Ինչո՞ւ չէ, կըլլա։

− Որովհետև կեսօրեն ետքը մինչև իրիկուն քեզի պետք ունիմ։

− Ձեր տրամադրության ներքև եմ։

Վաճառականը պահ մը լռեց։ Դժնդակ բացատրություններու վայրկյանը հասեր էր ու չէր գիտեր ինչպես խոսք բանար։

− Աբգար,− ըսավ մեղմ ու մտերիմ շեշտով մը,− գիտես որ ես քեզ մարդ ըրած եմ ու այսօրվան դիրքդ ինծի պարտական ես։

− Երբեք չեմ կրնար մոռնալ ատիկա և հավիտյան երախտապարտ եմ ձեր մեծության,− պատասխանեց երիտասարդը։

− Տարիներով հոգացած եմ քու ապրուստդ ու դպրոցական ծախքերդ։

− Այնպես է, իմ միակ պաշտպան բարերարս եք։

− Եթե հաշիվ ընեմ, կարելի է, 2-300 ոսկի ծախք ըրած եմ քեզի համար։

− Թերևս ավելի, Մարգար էֆ.։

− Այդ նյութական զոհողություններեն ետքը, քեզի գործ ալ գտած եմ։

− Ամենաստորին վատ մը կըլլամ, եթե ուրանամ այս ամենքը։