Հետևյալ առտու կանուխ վաճառականը եկավ գրասենյակ, ընթացիկ գործերը կարգի դրավ, պետք եղած հրահանգները տվավ գրագրին, ըսավ, որ թերևս մինչև իրիկուն բացակա պիտի մնար ու ժամը տասնմեկին միջոցները ելավ Բերա։
Գիտեր, որ կինը Թյունելով Բերա պիտի ելլեր և ըստ այնմ պատրաստած էր իր հետապնդումին ծրագիրը։
Գործը հաջողությամբ գլուխ հանելու համար Մարգար էֆենտի որոշած էր օգնական մը առնել հետը։
Այդ փափուկ պաշտոնին անձը արդեն մտովի ընտրած էր ու հիմա կերթար զայն գտնելու։
Այս օգնականը իր երախտավորյալն էր, գավառեն եկած հեռավոր ազգական մը, զոր Մարգար էֆ․ նախնական դպրոց մը դրած էր ու հետո բարեկամ վաճառականի մը քով տեղավորած, համեստ ամսականով մը։ Հազիվ 20-22 տարեկան, ուշիմ, սմսեղուկ ու վարպետորդի երիտասարդ մըն էր այդ գավառացին։
Պաշտամունքի մոտեցող խորին հարգանք մը ուներ Մարգար էֆենտիի հանդեպ, զոր իր պաշտպան սուրբը կնկատեր։
Մարգար էֆենտի առտվան գացած էր այն վաճառատունը, ուր Աբգար− այս էր երիտասարդին անունը− կպաշտոնավարեր։
Իրեն ըսեր էին, որ Աբգար մեկ քանի գանձումներ ընելու համար Բերա ելած էր և թե հայտնի չէր, որ ե՞րբ պիտի վերադառնա։
− Կուզեի անպատճառ զինքը տեսնել կեսօրեն առաջ,− ըսած էր վաճառականը։
− Տասնըմեկին միջոցները Քրետի Լիոնեյի մասնաճյուղին պիտի հանդիպի, թերևս հոն գտնեք զինք,− պատասխանած էին։
Մարգար էֆենտի Բերա ելնելուն պես ուղղվեցավ իրեն տրված հասցեին և արդարև Աբգարը գտավ կիշեի մը առջև զբաղած։
− Քեզի հետ քիչ մը տեսնվիլ կուզեմ,– ըսավ վաճառականը իր պաշտպանյալին։
− Վայրկյանն մը ձեր տրամադրության ներքև եմ,− պատասխանեց երիտասարդը։
− Դուն գործդ նայե, ես դռան առջև կսպասեմ։
Երիտասարդը արդարև անմիջապես եկավ իր պաշտպանը գտնելու։
− Եկո՜ր, երթանք հոս մոտերը տեղ մը նստինք քեզ հետ,− ըսավ վաճառականը։