Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Շատ ճշմարիտ է,– ըսավ Լևոն Կոկիկյան, որ չէր հասկնար, թե ուր կուզեր գալ Ղուկաս էֆենտի իր այս խոսքերով:

− Ես,– շարունակեց Ղուկաս էֆենտի,– պատվույս շատ նախանձախնդիր եմ և կուզեմ, որ աղջիկնիս իրենց արժանավայել դիրքը կարենան պահել:

− Ձեզ նման պարտաճանաչ հայր մը անշուշտ ուրիշ կերպ չկրնար մտածել,– ըսավ Լևոն, պարզապես խոսք մը ըսած ըլլալու համար:

− Հիմա ինծի նայե, զավակս… կներես, որ քեզ այսպես կոչեմ, անանկ չէ՞, աղջկանս համար բնականաբար առաջնակարգ օժիտ մը պիտի պատրաստենք, զինքը Անատոլու հարս չենք ի տար կոր, այլ Փարիզ, և պետք է որ հոն կարենա մեր պատիվին արժանի դիրքով մը ներկայանալ, իհարկե, շատ մըն ալ արժեքավոր գոհարեղեններ և նվերներ պիտի ընդունի իր ծնողքեն ու ազգականներեն. այս ամենեն դուրս, իբրև զուտ դրամօժիտ երեք հազար ոսկի որոշած եմ աղջկանս համար։

Այդ գումարը լսելով՝ Լևոն Կոկիկյան դեմքի աննշմարելի կծկում մը ունեցավ: Ապահովաբար գումարը իր հուսացածեն շատ փոքր, ճղճիմ երևցավ և սակայն ձայն չհանեց:

Ղուկաս էֆենտի գրպանեն սիկարեթի արծաթյա տուփը հանեց, հատ մը ինք առավ, հատ մըն ալ երիտասարդին հրամցուց և հետո շարունակեց.

− Արդեն գիտեմ, որ դրամի պետք չունիս, դուն այն երիտասարդներեն չես, որոնք կուզեն իրենց կնոջ դրամովը ապրիլ կամ միայն մեծ դրամօժիտ մը ձեռք ձգելու համար աղջիկ կփնտռեն, այդ տեսակ երիտասարդները, խոսքը մեջերնիս, շատ շնորհքով, շատ պատվավոր մարդիկ չեն ըլլար։ Դուն, փառք, աստուծո, քու աշխատությամբդ հարստացեր, դիրքի տեր ես եղեր։ Քու փնտռածդ պատվավոր ընտանիքե, կրթյալ, պարկեշտ, գեղեցիկ աղջիկ մը առնելն է և ոչ թե դրամը, և կարծեմ թե այդ քու փնտռած բոլոր թանկագին հատկությունները Ռոզիկս ունի… այնպես չէ՞։

− Իհարկե,− պատասխանեց երիտասարդը…− բայց և այնպես ձեր տված դրամօժիտը թե իմ և թե ձեր պատիվին համար կարծեմ շատ քիչ է… ես եթե դրամօժիտի խոսք կընեմ, ինձ համար չէ և այդ դրամն ալ երբեք գործածելու դիտավորություն չունիմ, այլ միայն կնոջս անունին ֆրանսիական բանք պիտի դնեմ, անոր ապագան ապահովագրելու համար։