Մկրտիչ աղա նստավ։ Չափազանց հուզված ու այլայլված դեմք մը ուներ, զոր վաճառականը չնշմարեց։
− Առանձի՞ն եք,− հարցուց։
− Այո,− պատասխանեց Պողոս էֆ․։
− Տիկինը հոս չէ՞։
− Հոս է, բայց քիչ մը անհանգիստ է…
Երկու բարեկամներուն միջև պահ մը լռություն տիրեց։ Մկրտիչ աղա նեղված կերպարանք մը ուներ և հետզհետե իր հուզումը կավելնար։ Պողոս էֆենտի նշմարեց ասիկա…
− Ի՞նչ կա,− հարցուց,− վրանիդ տարօրինակ վիճակ մը կտեսնեմ կոր…
− Այսինքն, այո՛, քիչ մը հուզված եմ,− կմկմաց։
− Ինչո՞ւ համար, մեկու մը հետ խնդի՞ր մը ունեցաք․․․
− Չէ՛, միայն թե… քիչ մը առաջ…
Եվ թաղականը լռեց, առանց խոսքը ամբողջացնելու։
− Ի՞նչ կա, խոսե՞ տեսնենք,− պնդեց Պողոս էֆենտի, որ չէր հասկնար իր բարեկամին վարանոտ ընթացքին պատճառը։
− Շիտակը, Պողոս էֆենտի, չեմ համարձակիր կոր․․․
− Ի՞նչ բանի վրա է խնդիրը։
− Խնդիրը ձեր անձին վրա է… թեև չէի ուզեր ասանկ գործերու խառնվիլ, բայց մյուս կողմեն լռելն ալ անկարելի է, մանավանդ որ խոսքը ամենուն բերանն է և կզարմանամ, որ դեռ ձեր ականջը չէ հասած։
− Աստծու սիրույն, ի՞նչ է աս, խոսե՛, մենք ալ հասկնանք։
− Ճանըմ, պարզապես զրպարտություն մը, ով գիտե որ սրիկան մեջտեղ նետեր է… բայց անանկ մանրամասնություններով կպատմվի կոր…
Պողոս էֆենտի հանկարծ թեթև մը տժգունեցավ։ Զգաց թե խնդիրը ինչ բանի շուրջը կդառնա և դողահար ձայնով մը հարցուց.
− Իմ ընտանեկան պատիվի՞ս վերաբերյալ բան մըն է։
− Այո՛․․․ ճիշտ գուշակեցիք,− պատասխանեց մյուսը։
− Պատմե տեսնենք… դարձյալ Մարգար էֆենտիի փեշին տակեն ելած բան մը պիտի ըլլա։
− Ինծի ալ անանկ կուգա,− պատասխանեց Մկրտիչ աղա։
Պողոս էֆենտի սիկարեթ մր վառեց, հատ մըն ալ իր բարեկամին