− Բարև, Գաբիկ էֆ.,− ըսավ պարոն Նշանիկ մոտենալով Ազգային ժողովի քարտուղարին,− ինչպե՞ս եք։
− Աղե՛կ,− պատասխանեց Գաբիկ փոքրիկ բարև մը տալով։
− Տերեկագիրը եկե՞ր է։
− Ի՞նչ տեղեկագիր,− հարցուց Մոլպաշիրյան, որ արդեն հասկցած էր թե խնդիրը ինչ բանի համար է։
− Ճանըմ, Կարպիս էֆ. Նիզակի տեղեկագիրը, Ք. թաղի խնդրի վրա…
− Այ^ո՛, տեղեկագիրը եկած է Վարչության և Վարչությունը նկատողության առած է զայն։
− Գիտեմ, ամեն բան իմացա, միայն թե դժբախտաբար չուզեցի հանձնել մամուլին…
− Բնականաբար, սովորությունը այն է, որ այս տեղեկագիրները չեն հանձնվիր մինչև որ խնդրո առարկա եղող մարմիններուն չի հաղորդվի։
− Բայց ես արդեն իմացա տեղեկագրին եզրակացությունը։
− Կրնա ըլլալ…
− դուն ալ իմացած ես անշուշտ։
− Սանկ մեյ մը աչքե անցուցի։
− Կերևա, որ Թաղական Խորհուրդը հանցավոր կհանե կոր․․․
− Վա՞յ,− հարցուց Գաբիկ Մուպաշիրյան թեթև ժպիտով մը։
− Դուն ալ այնպես չդատեցի՞ր։
− Ես շիտակը հարևանցի կերպով կարդացի․․․ բայց դուն կերևա, որ ավելի ուշադրությամբ կարդացած ես,− պատասխանեց Ազգային Ժողովի քարտուղարը աննշմարելիորեն հեգնական շեշտով մը։
− Տեղեկագիրը չտեսա, միայն լսեցի, որ տրվեր է,− խոստովանեցավ խմբագիրը,− գոնե եզրակացությունը ըսե…
− Եզրակացությունը սա է, որ խնդիրը պարզապես թյուրիմացության մը արդյունք է։
− Ո՞ր կողմն է հանցավորը․․․
− Ուշադրությամբ չկարդացի,− պատասխանեց Մուպաշիրյան,− ես այդ տեսակ չնչին խնդիրներով չեմ հետաքրքրվիր․․․ քանի մը օր սպասե, անշուշտ տեղեկագիրը մամուլին պիտի հաղորդվի, այն ատեն ամեն բան կիմանաս… մնա՜ս բարով, Մազարյան էֆենտին զիս ուզեր է, հոն պիտի երթամ։