Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/473

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Որչա՞փ տեղ կբռնե,− հարցուց գլխավոր խմբագիրը, որուն հանձնված էր թերթին պարունակության հսկելու պաշտոնը։

− Երեք սյունակի չափ կըլլա։

− Անկարելի է ուրեմն, մեկ տեղեկագրի համար այնքան տեղ չենք կրնար զոհել։

− Բայց շատ կարևոր է։

− Չըլլա՛ր,− վճռեց մյուսը, համառորեն,− միայն իմաստը գրե, ազգային լուրերու մեջ, քսան-քսանըհինգ տողով։

Նշանիկ պնդեց, որ տեղեկագիրը ամբողջովին հրատարակվի, բայց անկարելի եղավ մյուս խմբագիրը համոզել։

Թերթին մեծ մասը շարված էր արդեն և տակավին շատ մը կարևոր լուրեր կային, որոնք անպատճառ պետք է հրատարակվեին։

Խեղճ լրաբերը ստիպվեցավ տեղի տալ այս նյութական դժվարություններուն հանդեպ և գոհացավ համառոտելով իր թանկագին տեղկագիրը։

Հետևյալ առտու «Հանրային Կարծիք»-ի ագգայինն լուրերու գլուխը կկարդացվեր հետևյալը։

Ք. ԹԱՂԻՆ ԽՆԴԻՐԸ

«Ք․ թաղին ծանոթ խնդրին մասին Կարպիս Նիզակ էֆ-ի պատրաստած տեղեկագիրը երեկ մատուցվեցավ Վարչության։ Թեև կատարված քննության արդյունքը որոշված էր խիստ ծածուկ պահել մինչև խնդրին վերջնական կարգադրությունը և մամուլին ոևէ լուր չի հաղորդել Նիզակ էֆ-ի տեղեկագրին մասին՝ այսուհանդերձ մենք հաջողեցանք սույն գաղտնի տեղեկագիրը ձեռք անցնել, որով թերթերուն մեջ առաջինն ըլլալով կրնանք մեր ընթերցողներուն ծանոթություններ տալ Նիզակ էֆ-ի քննության արդյունքի նկատմամբ։

«Կարպիս Նիզակ էֆ․ նախ խնդրին պատմականը ընելով դատապարտելի կգտնե ժամկոչ Վարդանը, որ տիկին Շազիկի աթոռը բերած դրած էր եկեղեցիին մեջ, ճիշտ տիկին Սասանյանի կեցած տեղը՝ ինչ որ քաղաքավարության տարրական կանոններուն դեմ էր, այսուհանդերձ կարդարացնե ժամկոչը, քանի որ անիկա շարժած էր տիկին Շազիկի հրամանով և ոչ թե ինքնաբերաբար։ Հետո լիազոր քննիչը ձեռք կառնե այս միջադեպին հետևանքով թաղին