Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/472

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Տեղեկագիր մը, որ գաղտուկ կպահեին կոր և որու մասին չուզեցին բան մը հաղորդել մամուլին։

− Ի՞նչ տեղեկագիր է․․․

Ճանըմ, Ք. թաղի խնդրին վրա Կարպիս Նիզակ էֆ-ի տեղեկագիրը…

− Ատ է նե՝ բան մը չէ, ես ալ կարևոր բան մը կարծեցի,– պատասխանեց տնօրենը,− ինչ կարևորություն ունի Ք. թաղի խնդիրը։

− Էֆենտի, ի՞նչ կըսես, օրվան ազգային հարցն է, մյուս թերթերուն խմբագիրները այնչափ աշխատեցան ձեռք ձգելու համար, չհաջողեցան, բայց ես կամաց մը Վարչության սեղանին վրայեն գողցա․․․ քարտուղարին քթին տակ։

− Այդ տեսակ տեղեկագիրները փոր չեն կշտացներ,− պատասխանեց մյուսը, փարայա պագալըմ

− Վաղը մենք միայն լուրը պիտի տանք ամենեն առաջ։

− Կկարծե՞ս, որ թերթը ատոր համար հազար օրինակ ավելի պիտի ծախվի…

Նշանիկ տեսնելով, որ իր արարքը պետք եղածին չափ չգնահատվիր իր տնօրենին կողմե՝ դժգոհությամբ մեկնեցավ ու վեր խմբագիրներուն սենյակը գնաց։

− Տղա՛ք,− գոչեց,− Կարպիս Նիզակին տեղեկագիրը ձեռք անցուցի, վաղը առաջին անգամ մենք պիտի հաղորդենք անոր պարունակությունը։

Եվ մանրամասնորեն պատմեց, թե ինչպես հաջողած էր այդ ծածուկ սահմանված վավերաթուղթը ձեռք ձգել։

− Գաբիկ Մուպաշիրյանին գլխուն պաղ ջուր մը պիտի իջնա, երբոր վաղը առտու մեր թերթին մեջ կարդա Նիզակ էֆենտիի տեղեկագիրը։

− Ինչո՞ւ համար,− հարցուց խմբագիրներեն մին։

− Որովհետև ինք գիտեր կոր անոր պարունակությունը և չուզեց ինծի հայտնել, որպեսզի վտղը իրիկուն ինք հաղորդե ամենեն առաջ։

Եվ Նշանիկ զվարթորեն տեղեկագիրը բացավ և սկսավ ուշի ուշով կարդալ։

− Ծայրե ի ծայր հրատարակելու է ասիկա,− վճռեց,− շատ կարևոր է․․․