− Դա անհնար բան է… գնանք լսարան, մեր ընկերներուն հետ խորհրդակցելու․․․
Մինչ ընկեր Սուսերյանց և պարոն Թորգոմ այս անակնկալ դժվարությունը հարթելու կաշխատեին, անդին Մարգար էֆենտիի կուսակիցները մեծ եռանդով կգործեին՝ իրենց ընտրելիներու հաջողության համար։
Վաճառականը բացեիբաց կաշխատեր իր թեկնածությունը հաջողեցնելու և ասոր համար նույնիսկ նյութական զոհողություններե խույս չէր տար։
Միայն թե պայման դրած էր, որ իր անունը բնավ չհիշվեր և ինքն ալ արտաքուստ այնպես ցույց կուտար՝ թե ինք միտքը դրած է թաղականի պաշտոն չընդունելու։
− Տղաքը շատ ետևես ինկած են, բայց ես չեմ ուզեր թաղական ըլլալ,− կըսեր իր ծանոթներուն։
− Ինչո՞ւ համար, Մարգար էֆենտի՛։
− Ճանըմ, ես անձնական այնքան գործեր ունիմ, որ ատանկ բաներով չեմ կրնար զբաղիլ։
− Իբրև ազգ պետք չէ որ մերժես։
− Ես իմ պարտականությունս ուրիշ կերպով կկատարեմ կոր արդեն։
Այս խոսքերը սակայն ոչ ոք կարող էր համոզել։
− Մենք ատանկ բան մտիկ չենք ըներ, մենք մեր քվեները քեզի պիտի տանք,− կըսեին իր կուսակիցները։
− Շնորհակալ եմ, բայց…
− Բայց մայց չի կա, քեզի թե՛ թաղական, թե՛ ատենապետ, պիտի ընենք։
Մարգար էֆենտի միայն իր ընտրության չէր աշխատեր, այլ նաև ինք որոշած էր բոլոր թեկնածուները, որոնց մեջ էին նախ Միհրանիկ էֆ-ն, հետո Մանուկ աղան, պարոն Կայծունի և Մելիտոս էֆենտի։
Այս վերջինը ճարպարապետ մըն էր և մեկ քանի անգամ արդեն վարած էր թաղականի պաշտոնը։ Քիչ մը շահամոլ և անվստահելի մեկը կհամարվեր և թաղին մեջ լավ համբավ մը չուներ, բայց Մարգար էֆ. անպատճառ ուզած էր, որ անոր անունն ալ ցանկին մեջ գտնվի, որովհետև Մելիտոս էֆ․ մտերիմ բարեկամն էր վաճառականին ու անոր հանապազօրյա խնկարկուն։