Մարգար էֆ. հեռվեն կհսկեր պայքարին վրա և ուղղություն կուտար անոր։
Շաբաթը մեկ քանի գիշեր ընտրական պայքարին գլխավոր գործիչները իր բնակարանը կհավաքվեին և իրենք գործունեության արդյունքը իրարու կհաղորդեին։
Մինչև հիմա ձեռք բերված արդյունքեն այնպես կերևար, որ Մարգար էֆ․ ջախջախիչ մեծամասնությամբ մը պիտի ընտրվեր, թայց վերջին ժամու անակնկալե մը կվախեր, որովհետև հակառակորդ կուսակցությունն ալ իր հաջողության վրա բացարձակ ապահովություն ունենալ կթվեր։
Այս պատճառով ահա երբ Մանուկ աղա Պողոս էֆ−ին թաղեն հեռանալու լուրը բերավ Մարգար էֆ-ին՝ այս վերջնույն դեմքը ուրախությամբ ճառագայթեց։
− Այս լուրը շատ կարևոր է,− գոչեց։
− Ես ալ անանկ կկարծեմ,− ըսավ Մանուկ աղա։
− Պետք է ամեն կողմ տարածել։
− Ես արդեն դեմս ելլողին ըսի։
− Ատիկա բավական չէ, թռուցիկ մը հանելու և թաղին մեջ ցրվելու է,− դիտել տվավ Մարգար էֆենտի։
− Ատիկա շատ աղեկ խելք ըրիր,− գոչեց Մելիտոս էֆենտի։
− Անմիջապես պետք է որ ընենք ասիկա,− ըսավ վաճառականը։
− Ընդհակառակը,− պատասխանեց Մանուկ աղա,− թռուցիկները պատրաստելու՝ բայց անմիջապես մեջտեղ հանելու չէ, այլ ընտրութենեն մեկ երկու օր առաջ, որպեսզի մյուսները ժամանակ չունենան այդ անակնկալ արգելքին դեմ խորհելու․․․
− Բայց արդեն լուրը տարածվեր է։
− Այո՛, սակայն բերնեբերան խոսված է միայն, մինչդեռ եթե թռուցիկի ձևով տարածվի, ավելի կարևորություն կառնե։
Մանուկ աղա ազգային գործերու հմուտ՝ փորձառու մարդու համբավ մը ուներ, ուստի իր այս դիտողությունը լուրջ նկատողության առնվեցավ։
− Իրավունք ունիս, անանկ ընելու է,− հաստատեց Մարգար էֆենտի։
− Այո՛, այո՛, անանկ ընելու է,− կրկնեց Մելիտոս էֆ. ձայնակցած ըլլալու համար վաճառականին։