Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Թերթերու մեջ եթե մեր թեկնածուներուն համար բան մը գրել տանք, լավ կըլլա,− ըսավ Մանուկ աղա։

− Ատիկա ինծի ձգեցեք, ես ընել կուտամ,− պատասխանեց վաճառականը։

Եվ արդարև հետևյալ օրը լուր ղրկելով իր գրասենյակը հրավիրեց պարոն Նշանիկը։ Երիտասարդ խմբագիրը արդեն անհամբեր կսպասեր այս հրավերին։ Գիտեր, որ Ք. թաղի ընտրական պայքարեն հաց պիտի ելլե իրեն։ Անմիջապես փութաց իր հարուստ ազգականին գրասենյակը, ուր Մարգար էֆ. սիրալիր ընունելություն մը ըրավ իրեն։

− Վա՜յ, Նշանիկ, եկուր նայինք, ինտո՞ր ես, աղե՞կ ես,– գոչեց իր մոտը աթոռ մը ցույց տալով,– նստե տեսնենք… ինչո՛՛ւ մեզի չես գար կոր․․․

− Մարգար էֆենտի, այս միջոցիս շատ զբաղած եմ, թերթին ամեն գործերը իմ վրաս մնացած են։

− Գիշերը գործ չունիս ա…

− Գիշերային աշխատանք ալ ունիմ։

− Ըսել է հիմա շատ դրամ կշահիս կոր… գոնե քիչ մը խնայողություն ըրե, վաստկածդ անմիջապես մի ծախսեր, եթե դուն չես կրնար պահել նե՝ ինծի բեր, ես կպահեմ։

− Էֆենտի, ի՞նչ կըսեք, մեր շահածը ի՞նչ է, որ ինչ պիտի ավելցնեմ, առածս հազիվհազ կբավե կոր ապրելու, ան ալ հազար դժվարությամբ․․․ եթե երբեմն բացեն շահ մը չընենք՝ բոլորովին անտանելի պիտի ըլլա վիճակնիս։

Այս հուսախաբութենեն ետքը վաճառականը ըսավ.

− Գիտե՞ս քեզ ինչու համար կանչել տվի։

− Չեմ գիտեր,– պատասխանեց խմբագիրը, թեև կատարելապես գուշակած էր խնդիրը։

− Մեկ քանի բարեկամներ կուզեն կոր որ սա մեր թաղին թաղական ընտրության վրա բաներ մը գրվի… ես ատանկ բաներու չեմ խառնվիր, բայց որովհետև գիտեն թե քեզ կճանչնամ՝ ատոր համար ինծի հանձնեցին այս գործը․․․

− Ի՞նչ է գրվելիքը։

Ճանըմ, կարգ մը ոչինչ մարդիկ իբրև ընտրելի մեջտեղ ելեր են, իրենց համար կուսակիցներ ալ գտեր են, պարապ տեղը թաղը տակնուվրա կդարձնեն կոր․․․ ես ատանկ բաներու չեմ խառնվիր, բայց նույն թաղին մեջ կգտնվիմ։