Պարոն Նշանիկ փութաց ոսկիները գրպանելու։
− Միայն թե չեմ ուզեր, որ ոչ ոք իմանա, թե ինե դրամ առած եք,– ըսավ Մարգար էֆենտի,– ատիկա բոլորովին ծածուկ մնալու է։
− Այդ մասին բացարձակապես ապահով եղեք, մարդ չիմանար։
− Վաղը առտուն ինշալլահ կկարդանք գրվածքը։
− Անշուշտ, հիմա խմբագրատուն երթալուս պես պիտի գրեմ։
− Աղվոր բան մը ըլլա․․․
− Ձեր փափաքածեն ավելի պիտի ըլլա։
− Զորավոր բան մը։
− Վաղը առտու պիտի տեսնաք։
− Հարվածներդ մի՛ խնայեր։
Եվ վաճառականը ճամփու դրավ խմբագիրը՝ ըսելով.
− Ատեն-ատեն հանդիպե՛ ինծի։
Պարոն Նշանիկ երբ գրասենյակեն դուրս ելավ, մատները բնազդաբար գրպանը տարավ և շոշափեց երկու ոսկիները, կարծես կվախնար, որ անհայտ եղած ըլլային։ Այդ ապահովիչ շոշափումը զվարթացուց իր դեմքն ու միանգամայն մտածումները։
Ահա գեղեցիկ օր մը, խորհեցավ, որ կխոստանա գեղեցիկ գիշերով մը ավարտելու։
Հետևյալ առտու վաճառականը երբ «Հանրային Կարծիք»-ը ձեռք առավ՝ անոր մեջ գոհունակությամբ կարդաց հետևյալը։
«Այս կիրակի Ք․ թաղին մեջ տեղի կունենա Թաղական Խորհրդի ընտրությունը։ Ընտրողներու ստվար մեծամասնությունը արդեն իսկ պատրաստած է իր ընտրելիներուն ցանկը, որուն գլուխը կգտնվի ծանոթ վաճառական և դրամատեր Մարգար էֆ. Սասանյան, որ թեև նախապես մերժած է այդպիսի թեկնածություն մը, բայց ի վերջո տեղի տված է թաղեցիներու թախանձագին ստիպումներուն վրա։ Մյուս ընտրելիներն են՝ Մանուկ էֆ. Ճելեպյան՝ նախորդ Թաղ. Խորհրդի անդամ, իր փորձառությամբը և պատվավորությամբը թաղեցիներուն համակրությունը գրաված, Տոսախյան Միհրանիկ էֆ.՝ առևտրական հրապարակին վրա ծանոթ, զարգացյալ երիտասարդ մը, ճարտարապետ Մելիտոս էֆենտի, ոսկերիչ Գարեգին էֆենտի Սոմալյան, ժողովրդական սիրված դեմք մը, «Պայքար Լսարանի» հիմնադիր պարոն Կայծունի, և նախորդ Թաղ. Խորհրդի անդամներեն Ռափիկ էֆ.։ Թաղին մեկ աննշան