Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


փոքրամասնությունն ալ ընտրելիներու ցանկ մը պատրաստած է, որուն հաջողության համար շատ ջանքեր կթափե։ Այս ցանկին մեջ գրված է նախորդ Թաղ. Խորհրդի ատենապետ Պողոս էֆենտի Ծորակյանի անունը, մինչ հիշյալը, ինչպես հայտնի է, իր կամայական պաշտոնավարությամբ թաղը երկարատև հուզումներու մատնած է, և ի վերջո ստիպված է հրաժարիլ, կարգ մը ներքին ու անձնական պատճառներով, որոնց վրա չենք ուզեր ծանրանալ։ Բաց աստի, Պողոս էֆ․ այժմ իր բնակությունը հաստատած է ուրիշ թաղի մը մեջ, որով չկրնար ընտրելի ըլլալ թաղի Թաղ․ Խորհրդին։ Փոքրամասնության մյուս ընտրելիները թաղեցիներուն վստահություն և հարգանք ներշնչելե զուրկ են և հաջողության ոևէ հավանականություն չեն ներկայացներ»։

Կարելի՞ է երևակայել այս գրության առաջ բերած փոթորիկը Ք. թաղին մեջ։ Երբ պարոն Թորգոմ սարսափած, սասանած, մեկ քանի ընկերներու հետ «Շանթ Ակումբը» եկավ, այս վերջինը միակ խոսք մը արտասանեց.

− Պետք է շարժիլ…

Շեշտը, որով այս խոսքը ըսավ՝ ցույց կուտար, թե շատ մեծ էր անոր նշանակությունը։

− Տրամադրելի բոլոր ուժերը պետք է իրիկունը հավաքվին այստեղ,— հրամայեց իր շուրջիններուն։

Հետո դառնալով ուսուցչին՝ ավելցուց։

− Մենք գնանք Պողոս էֆ-ի մոտ․․․ մեր թշնամիների այս նոր փրովոքացիան չպետք է անպատիժ մնա։

Այս կարճ՝ բայց ազդու խոսքերը սրտապնդեցին ընկերներուն։ Ուսուցիչը հիացմունքով կդիտեր Սուսերյանցը, որ ամենեն դժնդակ պարագաներուն մեջ իսկ իր պաղարյունությունը կպահեր ու կորովը չէր կորսնցներ։

Սուսերյանց իսկույն գործադրության դրավ Պողոս էֆ-ին տեսնելու իր խորհուրդը և պարոն Թորգոմի հետ գնաց անոր գրասենյակը։

Վաճառականը զիրենք ընդունեց քաղաքավար, քայց պաղ կերպով։ Իր անունին շուրջ մղված պայքարը անհաճո դառնալ սկսած էր իրեն։

− Կարդացի՞ք այս օրվան «Հանրային Կարծիք»-ը,− հարցուց Սուսերյանց երբ աթոռին վրա տեղավորվեցավ։