Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/488

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Այո՛, կարդացի,− պատասխանեց Պողոս էֆենտի չոր կերպով։

− Ի՞նչ կխորհիք այս մասին…

− Կխորհիմ, թե հանցանքը ձերինն է։

− Մերի՞նը,− գոչեց Սուսերյանց զարմացած։

− Բնականաբար, եթե դուք իմ անունս մեջտեղ չդնեիք, այս բանը չէր գրվեր․․․ ես թողացի հեռացա թաղեն, որպեսզի գլուխս հանգիստ ըլլա՝ դուք տակավին օձիքս թող չեք տար։

− Իբրև կուսակցության գլուխ՝ պետք է մնաք պատնեշին վրա․․․

− Ո՞ր պատնեշը, ի՞նչ պատնեշ,− գոչեց Պողոս էֆենտի անհամբեր։

− Ընտրական պայքարի պատնեշին վրա,− որոշեց Սուսերյանց։

Վաճառականը սրտմտած ոտքի ելավ ու պոռաց․

− Աղբար, չեմ ուզեր, ես թաղական չպիտի ըլլամ… աստծու սիրուն հանգիստ թողուցեք ինծի, ալ կօգտե ինչ որ քաշեցի… գիտցած եղեք, որ եթե ընտրվիմ՝ անմիջապես պիտի հրաժարիմ… ես ալ քաշվեցա այդ տեսակ գործերեն, Թաղական Խորհրդին ալ խերը անիծեմ, ազգին ալ… ես հայ չեմ… հասկցա՞ք… զարմանալի բան, պայքար պիտի մղեք՝ մղեցեք, բայց զիս մեջը մի խառնեք… Պողոսեն զատ թաղին մեջ ուրիշ մարդ չկա՞…

− Մեզի համար ձեր անձը բնավ նշանակություն չունի,− բացատրեց Սուսերյանց,− մենք անձնականությամբ չենք շահագրգռվիր, մեր պայքարը զուտ սկզբունքային, գաղափարական է։

− Ավելի լավ, ուրեմն օձիքս ձգեցե՛ք…

− Երբեք մենք ձեր օձիքը չենք բռնած։

− Հապա ի՞նչ է այս ըրածնիդ։

− Մենք սկզբունքային հողի վրա կկռվինք, և որովհետև պարագաներու բերումով ձեր անձը այդ սկզբունքը կներկայացնե, մենք պետք ունինք ձեր անձին− ոչ թե իբր Պողոս էֆենտի Ծորակյան, այլ իբրև սկզբունքային էություն, իբրև «անթիթե»…

− Անթիթե մանթիթե չեմ գիտեր, իմ խելքս ատանկ բաներու չհասնիր,− պոռաց վաճառականը,− իմ անունս մեջ մի խառնեք «վեհսելամ»… չեմ ուզեր, չեմ ուզեր, չեմ ուզեր…

− Կրնաք ուզել կամ չուզել, դա նշանակություն չունի, − պատասխանեց Սուսերյանց պաղարյունով,− ձեր մեջ մենք կտեսնանք