Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քսան կամ քսանհինգ տարիեն… եթե մինչև այն ատեն հարստությունը փճացնե, սնանկանա՞, ինչ պիտի ընենք։ Անպիտանը այնպիսի լեզու մը բռնեց, որ չկրցա պետք եղածին պես խոսիլ… և ան ալ կարծեց, որ զիս համոզեց և ամեն բան լմնցավ… քանի որ շատ հարուստ է, ինչպես ըսին, թող շնորհքով օժիտ տա։

Պանդոկ հասնելուն Լևոն մորը հաղորդեց իր տեսակցության արղյունքը։ Անթառամ պարզապես գայթակղեցավ։

— Երեք հազար ոսկի, երեք հազար ոսկի,— կկրկներ, գրեթե բարկացած,— չըլլա որ ընդունիս, մեծ անպատվություն է քեզի պես երիտասարդի մը համար, իմացողները ի՞նչ պիտի ըսեն… աշխարհ արար վրանիս պիտի խնդա կամ պիտի ըսեն, որ մեծ պակասություն մը ունիս տե, անոր համար ասանկ քիչ դրամով գոհ ես եղեր… չէ, չէ, չըլլալիք բան է աս։

Նույն միջոցին ծառան գալով իմաց տվավ, թե քահանա մը այցելության եկած էր իրենց և հյուրանոցը կսպասեր։

— Քանի մը օր առաջ ալ անգամ մը եկավ այս քահանան և տեսակցեցաք,— ավելցուց ծառան։

— Հասկցա, տեր Միքիասն է, շատ աղեկ, թող նստի, հիմա կուգանք։

Վայրկյան մը ետքը մայր ու տղա մտան այն սրահը, ուր թիկնաթոռի մը վրա բազմած էր քահանան ու լրագիր կկարդար։

Զիրար բարևելե ետքը Տ. Միքիաս հարցուց կեղծավոր ժպիտով մը։

— Արդյոք ձեզ անհանգիստ կընե՞մ այս ժամուս այցելելով։

— Բնավ երբեք, բարի եկաք,— պատասխանեց երիտասարդը, սիկարեթ մը հրամցնելով հյուրին։

— Տակավին երկար կմնա՞ք հոս, թե մոտերս մեկնելու միտք ունիք։

— Հայտնի չէ, տեսնենք, պարագաներեն կախում ունի,– ըսավ Լևոն։

— Այո՛, կհասկնամ. աստուծով հաջող ընտրություն մը կընենք… կարծեմ նույնիսկ որոշում տված կամ տալու վրա եք եղեր,— շարունակեց Տ. Միքիաս, խոսքն ավելի տիկին Անթառամին ուղղելով։

— Վերջնական բան մը չկա դեռ,— պատասխանեց Լևոնի մայրը։

— Աստծով կըլլա, շիտակը ես շատ ուրախացա՝ իմանալով,