Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աղջիկը շատ ազնիվ, շատ ուսյալ, շատ բարեկիրթ, շատ ալ սիրուն աղջիկ մըն է, ծնողքն ալ պատվավոր, հարուստ… վերջապես շատ հարմար միություն մը պիտի ըլլա… Ղուկաս էֆենտի իմ բարեկամս է, արդեն տաներեցնին ալ ես եմ:

− Իրենցմե՞ իմացաք,− հարցուց Անթառամ:

− Չէ, տակավին իրենց չգացի… Ե՞րբ խոսք-կապ կտանիք կոր:

− Տեր հայր, դեռ վերջնական բան մը չի կա,− կրկնեց մայրը,− անանկ խոսք մը անցավ միայն։

− Ճանըմ, ըրեք լմնցուցեք, քանի որ զավակդ ամուսնացնելու դիտավորությամբ եկած ես, շատ հարմար է Ռոզիկը, Ղուկաս էֆենտին հարուստ մարդ է, հարկավ մեծկակ դրամօժիտ մըն ալ կուտա, արդեն պետք է որ տա, իրեն պես մարդ մը ձեզ նման երիտասարդի մը առնվազն տասը հազար ոսկի տալու է և անշուշտ պիտի տա…

Տ. Միքիաս շատ լավ կճանչնար Ղուկաս էֆենտին և անոր դրամապաշտությունը և վստահ էր, որ իր ըսած գումարին նույնիսկ մեկ երրորդը տալու պիտի դժկամակեր, բայց այս խոսքերով կուզեր պղտորել Կոկիկյանենց միտքը, քանզի կզգար, որ այդ ամուսնական խորհուրդը վիժեցնելու միակ միջոցն էր դրամական դժվարություններ հարուցանելը։

− Միթե այդքան հարո՞ւստ է Կելկիթյան էֆենտին,− հարցուց տիկին Անթառամ։

− Հարկավ հարուստ է, մանավանդ որ իր աղջիկն ալ շատ կսիրե և ամեն զոհողություն հոժարակամ հանձն կառնե անոր համար… մինչև հիմա դրամօժիտի մասին խոսք չեղա՞վ։

− Եվ ոչ մեկ բանի համար խոսք եղած չէ,− պատասխանեց երիտասարդը,− ձեր տեղեկությունները տակավին շատ կանխահաս են, տեր հայր։

− Թող այնպես ըլլա.− ըսավ Տ. Միքիաս,− կաղոթեմ, որ իրականանա… ես կփափաքիմ, որ երիտասարդները մանավանդ ձեզի պես ազնիվ, զործունյա, պարկեշտ երիտասարդներ ժամ առաջ ամուսնանան, տուն տեղ կազմեն, ընտանիք կազմեն, զավակներ ունենան.. ընտանեկան կյանքի պես անուշ բան չի կա, ան է ազգի մը հիմը։