Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/492

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր քաղած տեղեկություններուն համեմատ՝ թաղեցիներուն մեծամասնությունը կփափաքի վերընտրել հրաժարյալ Թաղ. Խորհրդի ատենապետ Պողոս էֆենտի Ծորակյանը, որ իր խիստ օգտակար պաշտոնավարությամբ ամբողջ թաղեցիներուն համակրանքը շահած է։ Հակառակորդ կողմը սույն ընտրությունը անհաջողության մատնելու համար լուր տարածած է թե՝ Պողոս էֆ․ հեռացած է Ք. թաղեն և իր բնակությունը ուրիշ տեղ հաստատած, բայց մենք հավաստի աղբյուրե իմացանք, որ Պողոս էֆ. պարզապես օդափոխության գացած է Վոսփորի գյոլղերեն մին և թե մոտերս պիտի վերադառնա իր թաղը։ Այս տեսակ մեքենայությունները անշուշտ անազդեցիկ պիտի մնան»։

«Արշալույս»−ի այս տողերը իրենց ազդեցությունը գործեցին։ Մարգար էֆենտի իսկույն իր մոտ կանչեց Նշանիկ և անուղղակի պատասխան մը գրել տվավ «Արշալույս»−ի գրածին։ Պողոս էֆենտի նույնպես անուղղակի պատասխան մը գրել տվավ «Արշալույս»-ի մեջ՝ Մարգար էֆենտիի գրել տվածին և այսպես շարունակվեցավ մինչև առտու, ընտրության օրը։

Այս ընդդիմամարտ գրվածները մեկ կողմե թաղին մեջ ոգևորությունը և եռուզեռը իր ծայրագույն աստիճանին հասցուցած էին։

Ընկեր Սուսերյանց շաբաթե մը ի վեր այնքան խոսած՝ այնքան պոռացած էր, որ կիրակի առտու ձայնը մարած էր և կոկորդը բորբոքած։

Հակառակ ասոր, առտուն շատ կանուխ գնաց «Շանթ Ակումբ»–ը, ուր ժամադիր եղած էր իր ընկերներով։ Դեռ ոչ ոք եկած էր։

− Ծույլերը,− մռլտաց քթին տակեն։

Ամենեն առաջ պարոն Թորգոմ երևցավ, չափազանց հուզված կերպարանքով։

− Տեսա՞ր այս խաղքությունը,− ըսավ թուղթ մը երկարելով Սուսերյանցին։

Այս վերջինը առավ թուղթը և կարդաց։

«Ձեր քվեները մի տաք Պողոս էֆենտի Ծորակյանի, որովհետև զուրկ է ընտրելիի հանգամանքեն։

«Ըստ սահմանադրության՝ թաղականները կընտրվին թաղին բնակիչներեն։

«Պողոս էֆենտի այլևս Ք. թաղի բնակիչ չէ։ Վերջնականապես