մեկնած է մեր թաղեն և իր բնակարանն ալ վարձած է հույն վաճառական մը։
«Բաց աստի՝ Պողոս էֆենտի վարկաբեկ եղած է կարգ մը պատճառներով, որոնց մասին լռությամբ կանցնինք, չգայթակղեցնելու համար մեր պատվարժան թաղեցիները։
«Ձեր քվեները տվեք Մարգար էֆենտի Սասանյանի և անոր կուսակիցներուն, որոնք ամենքն ալ ծանոթ ու պատվավոր անձեր են»։
− Սրիկանե՛ր, անամոթնե՛ր,− գոչեց Սուսերյանց խեղդուկ ձայնով մը։
− Մենք ալ պետք է անմիջապես բան մը պատասխանենք,− դիտել տվավ ուսուցիչը։
− Ժամանակ չունինք,− ըսավ Սուսերյանց,− տես այս անպիտանները նախապես պատրաստեր, տպել տվեր են․․․
− Մենք ալ խմորատիպ հայտարարություն մը մեջտեղ կհանենք։
− Սքանչելի գաղափար,− գոչեց Սուսերյանց,− Ակումբը արդեն խմորատիպ մը ունի։
Հետզհետե հասան ուրիշ մեկ քանի ընկերներ և իսկույն գործի ձեռնարկեցին։
Խմորատիպ հայտարարությունը երկու ժամվա մեջ պատրաստվեցավ։ Այս հայտարարությունը սա ձևով խմբագրված կոչ մըն էր․
«Ընտրողնե՛ր,
«Մեր հակառակորդները՝ հուսահատության մատնված՝ ամեն տեսակ խաբեբայական միջոցներու կդիմեն ժողովրդին ձայնը խեղդելու և կղերա-հետադիմա-պահպանողական թեկնածուներու հաջողությունը ապահովելու համար։
«Իրենց ետին ժամու հնարքն էր այս առտվան տպյալ հայտարարությունը, որով կծանուցվի թե Պողոս էֆ. Ծորակյան հեռացած է մեր թաղեն և ուրիշ տեղ հաստատած է իր բնակությունը, որով կորսնցուցած է իր ընտրելիի իրավունքը։
«Ասիկա բացարձակ սուտ մըն է։ Պողոս էֆենտի պաշտոնապես հայտարարած է մեր Ակումբի ներկայացուցիչներուն՝ որ մոտ օրերս պիտի վերադառնա Ք. թաղը, հետևաբար կհրավիրենք ընտրողները, որ առանց կարևորություն տալու այդ սուտ զրույցներուն՝ իրենց քվեները կեդրոնացնեն մեր ցանկին վրա։