Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Բայց ինք կասկածի երթալու չէ, որ հատկապես զինք հարցուփորձել կուզենք։

− Անհոգ եղի՛ր, ես ամեն բան կկարգադրեմ… արդեն Սուրբիկը միամիտ աղջիկ մըն է, խուռնազություն չունի։

Այր ու կին այսպես համաձայնություն գոյացնելե ետքը տիկին Շազիկ հարցուց.

− Ան չէ ամմա՝ այս գործին ետևեն իյնալուդ նպատակը ի՞նչ է։

− Ինչ պիտի ըլլա, պատիվս վերահաստատել,− գոչեց Պողոս էֆենտի։

− Սաթենին սիրող ունենալ կամ չունենալը քու պատիվիդ հետ ի՞նչ հարաբերություն ունի։

− Ի՞նչ ըսել է, ինչպես անոնք իմ ետևես իյնալով զիս խաղք ըրին, ես ալ հիմա իրենց խաղքությունը մեջտեղ կհանեմ, կերթան կսորվին… թող ամեն մարդ ալ տեսնա, որ ինքն ալ մենե վար չի մնար… արժանապատվության խնդիր է այս։

− Իրավունք ունիս,− պատասխանեց կինը,– մեյ մը խաղք ըլլան նե՝ ալ անկե ետքը լեզունին իրենց կքաշեն։

− Դուն ադ Սուրբիկը վաղը բերել տուր։

− Իրիկունը գաս նե՝ հոս կգտնաս, ապահով եղիր։

Այս կարգադրութենեն ետքը այր ու կին առանձնացան իրենց խուցերը։

Տիկին Շազիկ ուրախ էր, որ առիթ մը ստեղծված էր իր ամուսնույն հետ հարաբերություններ մշակելու։ Գայթակղական ծանոթ դեպքեն ի վեր առաջին անգամն էր, որ Պողոս էֆ. այսքան երկար և գրեթե մտերմական տեսակցություն մը ունեցած էր հետ։ Ամուսնույն ունեցած վրեժխնդրական ծրագիրը իրեն ալ կժպտեր և անշուշտ իր ձեռքեն եկածը չպիտի խնայեր անոր հաջողությանը համար։ Միայն թե, ափսո՛ս, զորավոր զենք մը չուներ ձեռքը։ Սուրբիկի շատախոսությունները ճամփված սպասուհիի մը սրտմտութենեն ծնած բամբասանքներ էին պարզապես, առանց որոշ ու փաստացի իրողություններու։

− Թերևս ամեն բան չէ ըսած,– մտածեց Շազիկ,– վաղը առտու զինքը բերել տամ ու աղեկ մը խոստովանեցնեմ, և հետո էրկանս դեմ հանեմ։

Առտուն ամուսինը մեկնելե ետքը, Շազիկ սպասավորը ղրկեց ու Սուրբիկը բերել տվավ։