− Դեռ ի՞նչ ըսեմ, այս պատմածներս բավական չե՞ն,− գոչեց Սուրբիկ։
− Բան մը չըսիր որ… սա մյուս մարդոց անունը ըսե տեսնենք։
− Ես չեմ գիտեր, Սահակ աղբարը աղեկ գիտե,− պատասխանեց Սուրբիկ։
− Սահակ աղբարը ո՞վ է…
− Մարգար էֆենտիենց ծառան… Հիմա ան ալ ձգեց ելավ քովերնեն… անիկա կըսեր, որ հանըմը միշտ Բերա կվազե նե՝ ըսել է ատոր տակը բան մը կա։
− Դուն աչքովդ բան մը տեսա՞ծ ես,− գոչեց Շազիկ, որուն համբերությունը կսպառեր:
− ՉԷ՛,– պատասխանեց Սուրբիկ,− ես ի՞նչ կրնամ տեսնալ, մեկտեղ չէի երթար դուրս ելած ատեն։
− Էյ, Սահակը տեսա՞ծ է…
− Ան ալ աչքովը չէ տեսած… բայց…
− Բայց ի՞նչ:
− Ճանըմ, հանըմ, ինչո՞ւ ասանկ կըսես, մարդս անպատճառ աչքո՞վը տեսնալու է, որ հավատա, ես ձեռքս կրակը կդնեմ, որ անանկ ատեն-ատեն Բերա վազելուն մեջ անպատճառ բան մը կա… պատվավոր կնիկները տուներնին կնստին, կամ դուրս ալ ելլան նե՝ իրենց էրկանը, կամ եղբորը հետ կելլան։ Դուն ինչո՞ւ շաբաթը քանի մը անգամ Բերա չես երթար կոր։
− Ես ուրիշ,− պատասխանեց Շազիկ։
− Ես պատվավոր ընտանիքներ ալ տեսած եմ, անպատիվներ ալ,− շարունակեց Սուրբիկ,− ամիս մը տուն մը կենամ նե՝ ամենուն ալ ինչ ըլլալը կհասկնամ։
Բոլոր այս խոսքերը չէին կրնար գոհացնել Շազիկը, որ դրական ապացույցներու պետք ուներ։ Իզուր իր հարցուփորձը առաջ տարավ հաստատ հենակետ մը գտնելու հույսով։
Սուրբիկի ամբաստանությունները հետզհետե տարտամ ու անորոշ կդառնային։ Հայտնի կերևար, որ սպասուհին բան մը չէր տեսած, այլ ճամփու դրվելեն զգացած սրտմտութենեն էր, որ իրեն չարախոսությունները ընել կուտար:
Շազիկ հուսախաբ եղած էր։ Եվ սակայն չէր ուզեր անոր օձիքը թողուլ։