Անպատճառ պետք ուներ Սուրբիկի՝ իր ամուսնույն հետ հաշտվելու համար։
Սատանայական հնարք մը խորհեցավ։
Ձայնը ցածցուց և ըսավ Սուրբիկին.
− Կուզե՞ս դրամ շահիլ։
− Դրամ շահիլ ո՞վ չուզեր, հանըմ,− պատասխանեց սպասուհին, որուն աչքերը հույսի նշանով մը շողացին։
− Եթե խոսքս աղեկ մտիկ ընես և ըսածներս կետ առ կետ կատարես, քեզի աղվոր դրամ կշահեցնեմ։
− Ի՞նչ պիտի ընեմ, ձեռքես գալի՞ք բան է…
Տիկին Շազիկ պահ մը հեռացավ սենյակեն, հետո վերադարձավ և երեք մեճիտիե դնելով Սուրբիկի ձեռքը, ըսավ.
− Կարծեմ գեղը պզտիկ տղա մը ունիս։
− Այո՛, Շազիկ հանըմ, վեց տարեկան մանչ մը ունիմ։
− Այս դրամը ղրկե, թող իրեն հագուստ շինեն… կամ դուն աստեղեն առ, ղրկե։
− Շատ շնորհակալ եմ, աստված կյանք տա ձեզի,− գոչեց սպասուհին հուզված շեշտով մը,− աստված Պողոս էֆենտիին վաստակը ավելցնե…
− Եթե իմ խոսքս մտիկ ընես՝ դեռ ասոր պես շատ դրամներ ձեռքդ կանցնի,− ըսավ Շազիկ չարաճճի նայվածքով մը։
− Հրաման ըրե, հանըմս, ձեռքես ինչ որ գա՝ ընեմ,− պատասխանեց Սուրբիկ։
− Այս գիշեր գործդ լմնցնելե ետքը կրնա՞ս հոս գալ։
− Ինչո՞ւ չէ, կուգամ, էֆենտին ու հանըմը կերակուրը ուտելեն ետքը ալ ինծի գործ չմնար որ…
− Միայն թե առաջուց գործը կարգադրենք… հոս գաս նե՝ քեզ Պողոս էֆենտիին պիտի ներկայացնեմ և անոր պիտի պատմես քիչ մը առաջ ըսածներդ։
− Կպատմեմ, հանըմ, բայց ետքը գլուխս փորձանք մը չգա։
− Խե՞նթ ես, ի՞նչ փորձանք, մենե խոսք դուրս չելլեր, ասկե զատ ինչ ալ որ ըլլա, քու անունդ գաղտուկ կպահենք, անոր համար վստահ եղիր… մեր միտքը բոլորովին ուրիշ է։
− Կհասկնամ,− պատասխանեց Սուրբիկ նրբորեն։
Արդարև սպասուհին արդեն իսկ կռահած էր այս մանրակրկիտ հարցուփորձին շարժառիթը։ Գիտեր թե ինչեր խոսվեր էր տիկին Շազիկի մասին, գիտեր նաև, թե ո՞րոնք եղած էին պատճառը