Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Հիմա անցած, գացած խնդիրները ձգենք և զուր տեղը կրակը չհրահրենք… միասին աշխատինք սա Մարգար էֆենտիին ու Սաթենին հախեն գալու, և այն օրը, երբ հաջողինք, կխոստանամ քու ըրածներդ ներելու։

Երկրորդ անգամ հաղթանակը կտաներ Շազիկ, բայց ասով ալ չգոհացավ։

− Ո՞վ որու պիտի ներե,− գոչեց,− դո՞ւն ինձի մի, ես քեզի․․․

− Ճանըմ, դուն ինծի ներե՝ ես քեզի ներեմ, լմնցունենք,– պոռաց Պողոս էֆենտի համբերությունը սպառած։

Շազիկ վերջապես տեղի տվավ։ Թողուց իր հարձակողական շեշտը և սկսավ ավելի մեղմ կերպով խոսակցիլ ամուսնույն հետ։

− Սուրբիկը թերևս ուրիշ բաներ ալ գիտե և չուզեց ըսել,− դիտել տվավ Պողոս էֆ.,− դուն նորեն աղեկ մը խոստովանցուր զինքը։

− Ես անիկա վաղը կկանչեմ, նորեն, խոսեցնել կուտամ, դուն բնավ հոգ մի ըներ։

Այդ իրիկունը «դեպք»-են ի վեր առաջին անգամ ըլլալով՝ այր ու կին գիշեր բարի ըսելով բաժնվեցան իրարմե։

ԺԶ

Մեր պատմության հերոսներեն մին՝ Պարոն Գարեգին Մարգարյան, բավական ատենե ի վեր աչքե հեռու թողուցինք։ Ընթերցողները կհիշեն անշուշտ, որ երիտասարդ գրագիրը ստիպված էր հեռանալ հաճի Հակոբ Սամիկյանի քովեն, Մարգար էֆենտիի հալածանքներուն հետևանքով, կհիշեն նաև, որ Գարեգին նշանված էր ոսկերիչ Սահակ աղայի աղջկան՝ Նարդիկի հետ։

Գարեգին պարկեշտ ու պատվախնդիր երիտասարդ էր, չէր ուզեր իր համոզումները զոհել Մարգար էֆենտիի քմահաճույքներուն և միշտ պայքարած էր անոր դեմ։ Իր այս ընթացքը բնականաբար զինքը դասել տված էր Պողոս էֆենտիի կուսակիցներու շարքին մեջ, թեև ներքնապես Գարեգին ջերմ պաշտպան մը չէր եղած Թաղական Խորհրդի նախկին ատենապետին։ Ք. թաղին մեջ, ուր երկու կուսակցություններ իրարու դեմ լարված էին, Գարեգին կշարունակեր ընդհանուր համակրանք վայելել, որովհետև իր հակառակորդներն ալ չէին կրնար ուրանալ անոր ուղղամտությունը։

Երբ «Շանթ Ակումբ»-ի անդամներուն ձեռքով ընտրական գործողությունը խանգարվեցավ և թաղային ընտրությունը ապարդյուն