Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարունակեց,− հիմա տեսա՞ր Մարգար էֆենտիին պատիվը քանի փարա արժելը… և այդ խայտառակներուն պատճառավ զիս ոտքի տակ առիր, ամենուն քով խաղք ըրիր…

− Բայց,− կմկմաց Պողոս էֆենտի,− իրողություն մը կար մեջտեղ…

− Ճանըմ, դուն ալ, իրողություն կա եղեր․․․ ի՜նչ պարապ խոսքեր, գործը վելվելեի տվիր մեծցուցիր… բայց դուն հանցանք չունիս, հանցանքը ան Մարգար էֆենտիինն է, որ քեզի անստորագիր նամակով մը ծուղակը ձգեց և իր գործը հաջողցուց…

Շազիկի այս խոսքերը զայրացուցին Պողոս էֆենտիին, որ գոչեց.

− Դուն խելոք կեցած ըլլայիր նե՝ անստորագիր նամակը ի՞նչ ազդեցություն կրնար ունենալ։

− Ես նորեն ըսածս կըսեմ․․․ պարզապես խաղի եկար, ուրիշ կերպ կրնայիր վարվիլ․․․

− Ի՞նչ ընելու էի։

− Պարզապես ինե առանձին բացատրություն ուզելու էիր, փոխանակ հրապարակային գայթակղություն հարուցանելու և պատիվնիս փարայի մը ընելու… ամեն մարդու կնիկ ալ ատանկ բաներ կընե, բայց ամեն էրիկ քեզ պես չի վարվիր․․․

− Թերևս իրավունք ունիս,− ըսավ Պողոս էֆենտի, այս անհաճո վիճաբանության վերջ տալու համար։

Հետո ավելցուց.

− Հիմա ալ կարգը Մարգար էֆենտիին եկավ… Նայինք ան ինտո՞ր պիտի վարվի, երբ իր կնոջը ըրածները իմանա։

− Վստահ եմ, որ անիկա քենե ավելի խելացի կերպով պիտի վարվի,– պատասխանեց Շազիկ հարձակողական շեշտով մը։

Բոլոր այս վիճաբանությունը գերազանցորեն կնեղացներ Պողոս էֆենտին, որուն ամբողջ մտածումը այս միջոցին իր ապագա վրեժխնդրության կերթար։ Սուրբիկին տված տեղեկությունները կվերլուծեր մտքին մեջ և անոնցմե օգտվելու հնարքներ կխորհեր։ Կզգար, որ իր կնոջ օժանդակությունը անհրաժեշտ էր իրեն գործը հաջողությամբ գլուխ տանելու համար։ Վաճառականը միշտ գնահատած էր Շազիկի խելքն ու ճարտարամտությունը և ինթրիկներ սարքելու համար անոր ունեցած մասնավոր հարմարությունը, ուստի գործը անուշ տեղը կապելու, վերջացնելու համար ըսավ.