ետքը, նյութական խնդրի մը պատճառով ոտնակոխ ընել իր տված խոստումը: Խաբեբայություն մը, ամոթալի արարք մը չէ՞ր ասիկա։
− Չէ,− եզրակացուց երիտասարդը,− չէ, չեմ ուզեր դրամօժիտին համար որոշումես ետ դառնալ, վերջին փորձ մըն ալ կընեմ գումարը ավելցնելու համար և եթե չհաջողի, այն ատեն տըված դրամօժիտովը կգոհանամ…
Այս որոշումը փարատեց իր տրտմությունը, զգաց, որ Ռոզիկ դարձյալ իրեն կվերադառնար, իրեն կմնար։
Ալ հիմա՝ զվարթացած մեկնեցավ շաքարավաճառի խանութեն:
− Խոսքկապը որոշված օր կկատարենք,− կմտածեր ճամփան գացած ատեն,− ու հարսնիքն ալ անմիջապես կընենք կլմնցնենք։
Սակայն հանկարծ ճակատը մթագնեցավ և կրկին թեթև մտատանջություն մը երևցավ դեմքին վրա։
− Բայց մայրս ի՞նչպես պիտի համոզեմ, համառ կին մըն է և դյուրավ չպիտի ուզե տեղի տալ և եթե հակառակ իր հաճության ամուսնանամ, առաջին օրեն պիտի սկսի նեղել կինս, անհամաձայնություններ ստեղծել և վերջապես տան հանգիստը խռովել… այս Տեր Միքիասն ալ իր Սմսարյաններու աղջկան գովեստներովը, տասը հազար ոսկի դրամօժիտի պատմությամբը բոլորովին միտքը պղտորեց։
Դեպի Թագսիս այսպես խորհրդածելով կհառաջանար, երբ մեկեն ցնցում մը զգաց և սիրտը սկսավ ուժգին բաբախել, դիմացեն՝ միևնույն մայթի վրա տիկին Թագուհի և Ռոզիկ կհառաջանային։ Մանկամարդ աղջիկը թուխ գույն շրջազգեստ մը հագած էր, գլուխը մուշտակե սիրուն գլխարկ մը դրած։ Ինքն ալ հեռվեն նշմարած էր Լևոնը և կժպտեր, շրթունքներովը ու աչքերովը։
Երիտասարդը ուղղակի գնաց դեպի երկու կիները։
− Բարև, ո՞ւր կերթաք այսպես,− ըսավ զվարթ դեմքով մը։
− Քանի մը գնումներ ունինք ընելիք,− պատասխանեց տիկին Թագուհի։
− Հապա դո՞ւք,− Հարցուց Ռոզիկ,− արդյոք այցելությա՞ն մը կերթայիք:
- Այցելություն, որո՞ւ կուզեք որ այցելեմ այս քաղաքը, ուր տակավին ձեզնե զատ մարդ չեմ ճանչնար։