Ուսուցիչը մոտեցավ իրեն խոսք նետողներուն։
− Ես «Շանթ Ակումբ»-ին հետ կապակցություն չունիմ,− ըսավ։
− Վա՞յ, երբեն ի վեր…
− Հրաժարականս տված եմ։
− Սուտ կըսես։
− Սուտ ինչո՞ւ պիտի ըսեմ, հրաժարեցա, ես ալ ատանկ խնդիրներու չպիտի խառնվիմ, պարապ տեղը ժամանակս չեմ ուզեր վատնել ու ասոր անոր ձեռքը գործիք ըլլալ։
− Հիմա՞ խելքդ գլուխդ եկավ։
− Ուսուցիչ ըսածդ պետք չէ որ թաղային գործերով զբաղի, կուսակցական ըլլա, ուսուցիչը այդ տեսակ պսյքարներե վեր մնալու է, անիկա բարձրեն նայելու է ամեն բանի վրա… ուսուցչին պաշտոնը վսեմ պաշտոն մըն է։
Ներկաները զարմանքով կլսեին պարոն Թորգոմի այս նոր դավանությունը, բայց ինք կշարունակեր պարզել իր տեսությանը ուսուցչի բարձր դերի մասին։
Հետո հեռացավ հոնկե և ուրիշ սրճարան մը մտավ ու դարձյալ ծանուց «Շանթ Ակումբ»-ին անդամակցութենե հրաժարիլը։
− Բայց քանի որ հեռացած ես անոնցմե՝ ինչո՞ւ Մարգար էֆ-ի չես մոտենար,− թելադրեց մեկը։
− Մոտենամ ի՞նչ բանի համար,− հարցուց Թորգոմ։
− Պաշտոնդ պահելու համար։
− Պարկեշտ և կարող ուսուցիչ մը միշտ գործ կրնա գտնել։
Պարոն Թորգոմ այս խոսքերը արտասանելե ետքը, խրոխտաբար հեռացավ, բայց քիչ ետքը հիշեց այդ խոսակցությունը և ինքնիրեն սա խորհրդակցությունն ըրավ.
− Մարդը թերևս իրավունք ունի, քանի որ հիմա հարաբերություններս խզած եմ մյուսներուն հետ, ի՞նչ արգելք կա, որ մոտենամ Մարգար էֆ․-ի․․․ իրարու հետ անձնական խնդիր մը չենք ունեցած բնավ, իմ մղած պայքարս լոկ գաղափարական էր։ Հիմա որ ամեն բան լմնցավ, ինչ պետք ունիմ թշնամական ընթացք մը բռնելու իրեն հանդեպ, Մարգար էֆ.-ն ալ շատ շնորհքով մարդ է, ան ալ այնքան իրավունք ունի Թաղ. Խորհրդի ատենապետ ըլլալու, որքան Պողոս էֆ․-ն․․․ գուցե անկեց ավելի իրավունք ունի։ Պողոս էֆենտին ո՞վ է որ… խելացությունը խնդիրը անուշ տեղը կապելն է. իմ պաշտոնս այնպես կպահանջե, որ վարժարանեն դուրս ուրիշ բանով չզբաղիմ։