կթողա կոր գործը, քիչ մը ետքը պիտի գա, հոս գտնվե, որպեսզի տետրակները քեզի հանձնե և միևնույն ատեն ընթացիկ գործերու վրա ալ ծանոթություն տա։
− Շատ աղեկ, հոս կսպասեմ։
− Պայմաններու վրա խոսելու պետք չկա, քու կարողությունդ և արժանիքդ գիտեմ, հետևաբար ըստ այնմ պիտի վարձատրվիս։
− Շնորհակալ եմ։
Այսպես գործը կարգադրելե ետքը, Պողոս էֆ. երկու սուրճ ապսպրեց, հետո սիկարեթ մը հրամցուց իր նոր պաշտոնյային, հատ մըն ալ ինքը վառեց և սկսավ․
− Էյ, ուրեմն ասանկ, հիմա Մարգեր էֆ-ն մուրատին հասավ. վերջապես հազար էնթրիկներով հաջողեցավ Թաղ. Խորհրդի ատենապետ ըլլալ, թեև ապօրեն ձևով մը և առանց թաղեցիներու քվեին։
− Այո՛, հիմակվանը առժամյա մարմին մըն է։
− Թաղեցիները գո՞հ են այդ կարգադրութենեն։
− Մեկ մասը գոհ է, մեկ մասն ալ դժգոհ, իսկ մեծամասնությունը անտարբեր։
− Միհրանիկ էֆենտին ալ թաղական է, հա՞…
− Այո՛, գանձապեան է։
− Օ՛խ, օ՛խ, շատ աղվոր, Մարգար էֆենտին ատենապետ, Միհրանիկ էֆենտի ալ գանձապետ, թամամ ընտանեկան Թաղ. Խորհուրդ մը։
− Միհրան էֆենտին ազգակա՞ն է Մարգար էֆենտիին,− հարցուց Գարեգինը, որ չէր ըմբռնած վաճառականին վերջին ակնարկությունը։
− Այսինքն անոր պես բան մը,− պատասխանեց Պողոս էֆենտի խնդալով։
− Չէի գիտեր,− պատասխանեց Գարեգին։
− Ես ալ չէի գիտեր, նոր իմացա,− շարունակեց վաճառականը,− մարդ քանի ապրի, նորանոր բաներ կիմանա, խելքե, միտքե չանցած բաներ…
− Ի՞նչ տեսակ բաներ․․․
− Չըսվելիք բաներ, ես ուրիշներուն պես անանկ բամբասանքներ, մեկուն մեկալին պատվուն հետ խաղալ չեմ սիրեր, ամեն մարդ բնություն մը ունի։ Ես մինչև որ բանի մը վրա ապահով չըլլամ, չեմ խոսիր։