Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/548

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Իրավունք ունիք, չարախոսությունը գեշ բան է,− պատասխանեց Գարեգին։

− Այս չափն ալ ըսի նե՝ քեզի սիրելուս համար է, սրովհետև գիտեմ, որ դուն պարկեշտ ու պատվավոր երիտասարդ մըն ես, ու չես ուզեր անպատիվ մարդոց հետ հարաբերություն ունենալ։

− Շնորհակալ եմ ձեր գնահատութենեն, միայն թե ես ի՞նչ դեր ունիմ այս գործին մեջ։

− Չէ՞ մի որ Թաղական Խորհուրդին մեջ քով քովի կնստիս կոր Մարգար էֆենտիին ու Միհրանիկ էֆենտիին հետ։

− Ատո՞վ ինքզինքս անպատված կըլլամ կոր։

− Ճանըմ, հիմա ինչ որ ըսեմ՝ անօգուտ է… օր մը ամեն բան կիմանաս, դեռ ուրիշ շատ բաներ ալ։

− Շիտակը հետաքրքրությունս կշարժեք կոր,− ըսավ երիտասարդը,− կերևա, որ ծանրակշիռ բաներ իմացած եք Մարգար էֆ.-ի մասին։

− Շատ ծանրակշիռ․․․

− Ապահո՞վ աղբյուրե։

− Աչքովը տեսնողը պատմած է․․․ ասկե ապահովը կըլլա՞․․․ բայց գոցենք այս խոսքերը, դուն հիմա Մարգար էֆենտիին կուսակիցը կհամարվիս, թերևս չես ուզեր, որ աննպաստ բաներ ըսեն անոր համար։

− Կաղաչեմ, Պողոս էֆենտի, ինծի այդ տեսակ զգացումներ մի վերագրեք, կկրկնեմ, ես Մարգար էֆենտիի կուսակիցը չեմ կրնար ըլլալ, ես պարզապես անոր պաշտոնակիցն եմ Թաղ․ Խորհուրդին մեջ, ուրիշ ոչինչ։

− Ան չէ, ամմա բնավ Մարգար էֆենտիին տունը գացի՞ր։

− Անդամ մը միայն… դիվանը կազմելու համար նախնական գումարում մը ունեցանք իր տանը։

− Միհրանիկ էֆ.-ն ալ հո՞ն էր…

− Այո, հոն էր։

− Տիկին Սաթե՞նն ալ ներկա էր այդ գումարումին։

− Չէ, տիկին Աաթենր ներկա չէր։

− Բնավ զինքը չտեսա՞ք։

− Հետո, գործնրնիս լմնցնելե ետքը մեծ սալոնը գացինք թեյ խմելու, այն ատեն տեսանք տիկին Սասանյանը, որ տիկին Նվարդին հետ էր։

− Էյ, բան մը չնշմարեցի՞ր բնավ։