Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Ենթադրությո՞ւն մի,− գոչեց Պողոս էֆենտի,− քեզ ըսի, որ տեսնողը պատմեց, տեսնողը… աչքովը տեսնողը։

− Ի՞նչ տեսած է,− հարցուց Գարեգին թեթև ժպիտով մը։

− Ճանըմ, հիմա ամեն բան տեղն ի տեղ պատմե՞լ պիտի տաս ինծի, ինչ որ կըսեն նե՝ ճիշտ է… բայց արդեն ես ասանկ բամբասանքներե չեմ ախորժիր…

− Այո՛, բայց քանի որ այսքանը խոսեցաք՝ կրնաք քիչ մը ավելին ալ պատմել։

− Է՜յ, շատ աղեկ, միայն թե խոսքը ինե ելած չըլլա․․․

− Այդ մասին վստահ եղեք, ինչ որ ըսեք ինծի պիտի մնա, մեկու մը բան չեմ ըսեր։

− Չէ՛, եթե կուզես, ըսե՛, հոգս անգամ չէ, սուտ չեմ խոսիր կոր ա, միայն թե իմ անունս թող չլսվի․․․ էֆենտիմ, Մարգար էֆ.-ին տունը ծառայող կնիկ մը մեզի էր եկեր դիպվածով, ինչպես կըլլա՝ խոսք կբացվի տիկին Սաթենի վրա, կըսե որ այդ կինը շատ անկանոն կյանք մը կվարե եղեր… նախ Միհրանիկ էֆ․-ին հետ սիրաբանությունը ինք աչքովը տեսեր է։

− Շիտակը ես ալ հավատք չեմ կրնար ընծայել ծառաներու խոսքերուն և ձեզի ալ խորհուրդ կուտամ, որ դուք ալ նույնպես կարևորություն չտաք ըսի ըսավներուն։

− Զարմանալի բան,− գոչեց Պողոս էֆ. սրտնեղած,− մասնավոր նպատակ մը ունիս կարծես Մարգար էֆենտիին պաշտպանելու…

− Երբեք․․․

− Առաջին վայրկյանեն նշմարեցի այդ բանը։

− Ուրեմն առաջին վայրկյանեն սխալած եք։

− Ինչ որ է, խնդիրը այդ չէ, հիմա փակենք այդ խնդիրը և մեր գործին նայինք․․․ այսպես ուրեմն, այսօրվընե Տիրանին տեղը պիտի անցնիս մեր վաճառատան մեջ․․․ Գիտես որ Տիրանը բավական տարիներե ի վեր իմ պաշտոնյաս եղած էր և միշտ գոհ մնացած եմ իր պաշտոնավարութենեն, գրեթե բոլոր գործս իրեն հանձնած էի և անսահման վստահություն ունեի իր վրա… ուրիշ կերպով արդեն կարելի չէր, որ հոս մնար։ Իմ քովս աշխատողը պետք է, որ սրտով աշխատի, այդ կերպով միայն կարելի է, որ իրարու հարմարինք… արդ, հիմա կհուսամ, որ քեզի հետ ալ պիտի կրնանք վարվիլ։