Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Պիտի ջանամ ձեզ ամեն մասով գոհացնել,– պատասխանեց Գարեգին։

− Այդ մասին տարակույս չունիմ, միայն մեկ կետ մը կա, որ զիս քիչ մը կվրդովե։

− Ի՞նչ կետ է այդ։

− Հիմա թերևս վրաս պիտի խնդաս, սակայն ես ամեն բան անկեղծորեն կխոսիմ… ես սիրտիս մեջ եղածը չեմ կրնար ծածկել։

− Ավելի լավ, անկեղծությունը միշտ գովելի է։

− Ուրեմն խոսք տուր, որ ըսելիքես չպիտի բարկանաս կամ վշտանաս։

− Նախ պետք է գիտնամ, թե ինչ է ձեր ըսելիքը։

− Եթե կուզես, որ իմ քովս պաշտոնավարես՝ պետք է հրաժարիս Ք․ թաղի Թաղ. Խորհուրդի անդամակցութենեն։

− Ինչո՞ւ համար,− գոչեց Գարեգին հուզված շեշտով մը։

− Որովհետև չեմ ուզեր, որ իմ պաշտոնյաս հարաբերություն ունենա Մարգար էֆենտիի պես մեկու մը հետ։

− Ես ձեր պաշտոնյան եմ՝ այնքան ատեն, որ ձեր գրասենյակը կգտնվիմ՝ բայց հոսկե դ՛ուրս ելլելես ետքը կարծեմ այլևս ոևէ իրավունք չունիք իմ գործերուս խառնվելու։

− Ես պաշտոնյայի մը պարտականությունը այնպես չեմ ըմբռներ,− պատասխանեց Պողոս էֆենտի,− ինծի համար պաշտոնյան իր բաթրոնին հետ նույնացած պետք է ըլլա ոչ թե միայն գործին մեջ, այլ նաև գործեն դուրս։

Նույն միջոցին դուռը բացվեցավ և Տիրան ներս մտավ։

Նորեկը սիրալիր բարև մը տվավ Գարեգինին և նստավ աթոռի մը վրա։

− Ի՞նչ լուր,− հարցուց Պողոս էֆենտի։

− Գործերս կարգադրեցի,− պատասխանեց Տիրան, վաղը ժամը չորսին շոգենավը պիտի մեկնի։

− Վա՞յ,− գոչեց վաճառականը,− ես կկարծեի թե տակավին շաբաթի մը չափ պիտի մնաս։

− Ես ալ անանկ գիտեի, բայց այս առտու, ըսին, որ վաղվան շոգենավով պիտի մեկնիմ եղիր, որովհետև գործերը շատ ստիպողական են եղել։

− Ինչ որ է, երբ որ ուզես, կրնաս մեկնիլ, մանավանդ որ քու հաջորդդ ալ գտանք։