− Ես այդ թաղեն հեռացած եմ։
− Ատոնք պարապ խոսքեր են,– ըսավ փաստաբանը, և միշտ միևնույն բանը կրկնելով,– քու միտքդ ծածկել մի ջանար։ Ես գիտեմ, որ դուն միակ մտածում մը ունիս, այն է՝ վրեժ լուծել Մարգար էֆենտիեն, որ քեզի դեմ հաղթանակ տարավ և քեզի խաղք ըրավ քու թաղիդ մեջ։
− Թաղական Խորհուրդեն հոժար կամքով հրաժարիլը խաղք ըլլալ չնշանակեր։
− Ես ըսածս գիտեմ, Պողոս էֆենտի և մի ստիպիր զիս ավելի բաց խոսելու։
Փաստաբանը այս խոսքերը արտասանեց նշանակալի ակնարկ մը ուղղելով վաճառականին։ Այս վերջինը հասկցավ ակնարկը և լռություն պահեց։
− Հիմա, իբրև էրիկ մարդ, լրջորեն խոսինք,– շարունակեց Սափորյան։– Ինչպես ըսի, Մարգար էֆ. ինծի խաղի բերավ, զիս պարզապես իրեն գործիք ըրավ և իր նպատակին հասնելե ետքը կից մը տվավ ու զիս ճամփեց։
− Լավ, ի՞նչ պիտի եզրակացնես ատկե,– հարցուց Պողոս էֆենտի։
− Սա պիտի եզրակացնեմ, որ այս միջոցիս երկուքնուս ալ կացությունը միևնույնն է։
− Այսինքն․․․
− Այսինքն երկուքս ալ, ես ու դուն թշնամի ենք Մարգար էֆենտիի և անոր հետ հաշիվ մը ունինք կարգադրելիք։
− Կրնա ըլլալ։
− Այս պարագային մեր շահը կպահանջե, որ մեր գործերը միացնենք հասարակաց թշնամիին դեմ։
− Չեմ կրնար հասկնալ, թե ի՞նչ պիտի կրնանք ընել։
− Շատ բաներ… նախ պիտի կրնանք նետել զինքը Թաղ. Խորհուրդեն։
− Ի՞նչ միջոցով։
− Միջոցը դյուրին է։ Չմոռանանք, որ ես Վարչության անդամ եմ։ Բավական կարողություն ունիմ խոսքս քալեցնելու։
− Կհավատամ, որ այդպես ըլլա։
− Մյուս անգամներուն պես կրավորական դեր չեմ կատարեր Ժողովին մեջ… կըմբռնե՞ս, ինչ ըսել կուզեմ։