− Ապացուցված իրողություն մը կա՞ մեջտեղ, վկաներով, ականատեսներով հաստատված բան մը…
− Բնականաբար… եթե ոչ թեթևորեն ասանկ բան մը կսեի՞… ես ուրիշներու չեմ նմանիր, մեկուն մեկալին ընտանեկան պատվին հետ խաղալ չեմ ուզեր… աս ալ իմացա թե՝ դիպվածով, պատահաբար բան մըն էր, գրեթե իմ կամքիս հակառակ։
− Բայց, խոսե՛, պատմե՛, բացատրե՛,− գոչեց փաստաբանը խանդավառված,− ատանկ բան մը ունիս և մինչև հիմա չես ըսեր, ի՜նչ զարմանալի մարդ ես եղեր։
− Էս հակառակորդիս դեմ ատանկ զենքեր գործածել չեմ ուզեր,− պատասխանեց Պողոս էֆ.:
− Պարապ խղճահարություններ են ատոնք, հակառակորդ մը ջախջախելու համար ամեն զենք լավ է:
− Թերևս իրավունք ունիս, բայց իմ բնությունս ալ ատանկ է…
− Հիմա թոուղունք ատոնք և բուն խնդրին գանք, պատմե նայինք գիտցածներդ:
− Պայմանավ, որ մեր մեջ մնա։
− Ատոր ապահով եղիր,− պատասխանեց Սափորյան խնդալով, փաստաբանները տեսակ մը խոստովանահայրեր են, իրենցմե գաղտնիք դուրս չելլար։
Վաճառականը սկսավ պատմել ինչ որ մենք արդեն գիտենք տիկին Սաթենի մասին։ Փաստաբանը խորին ուշադրությամբ մտիկ ըրավ, զանազան հարցումներ ուղղեց և ի վերջո ըսավ.
− Աղվոր բան, շատ աղվոր բան… միայն թե ապացուցանելը դժվար, մանավանդ որ գլխավոր վկան՝ այդ խոհարարը, որ բաներ մը տեսեր է, մեջտեղ չի կա։
− Բայց Սուրբիկը մեջտեղն է,− դիտել տվավ Պողոս էֆենտի։
− Այո՛, բայց անոր տեսածները մեծ բան մը չեն ապացուցաներ. ասկե զատ, տեսնենք իրա՞վ են։ Ծառաները երբ տունե մը կճամփվին, ընդհանրապես զրպարտություններ կհորինեն իրենց նախկին տերերուն վրա։
− Սուրբիկը քանի մը անգամ խոսեցուցինք, միշտ նույն բաները կրկնեց։
− Եթե պետք ըլլա մեկ քանի հոգիի քով կկրկնե՞ ըսածները։