Jump to content

Էջ:Yervand Otyan, Collected works (Երվանդ Օտյան, Երկեր).djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Իբր թե ձեզի վարժարանեն հաներ են, և ուրիշ տնօրեն մը պիտի բերեն եղեր։

− Իրավ է,− պատասխանեց Թորգոմ չոր ձայնով մը։

− Շիտակը երբ որ մեր տղաքը իմացան, շատ ցավեցան․ «Եթե մյուսյու Թորգոմը դպրոցեն ելլե, մենք դպրոց չենք երթար» կըսեն կոր։

− Շատ տեղերե նույն բանը իմացա։

− Քու տեղդ Սուսերյա՞նցը պիտի բերեն եղեր,− հարցուց Ակոբճան։

− Անանկ կըսեն կոր։

− Մարդ չգտան տե, այդ զյուպպե՞ն տնօրեն կընեն կոր։

− Քու վրադ ի՞նչ հանցանք բեռցուցին։

− Հանցանք չկա,− պատասխանեց ուսուցիչը,− պարզապես Մարգար էֆենտիին քեյֆը ատանկ ուզեր է։

− Ասանկ խաղքություն կըլլա՞, նե՞ քեփազելիք տիր պու, կեցած տեղը մարդը գործեն կհանե՞ն, երբ պակասություն մը չէ գործած…

− Ի՞նչ պիտի ընես, կընեն կոր, էֆենտիմ,− պատասխանեց ուսուցիչը գավաթը պարպելով։

− Գտեր են քեզի պես կակուղ մարդը, ուզածնին կընեն կոր,– գոչեց Մարտիկ աղա,− հելե դեմերնին զոռլը մեկը ըլլար, նայինք կրնայի՞ն ընել։

− Խաթրդ չմնա, ամմա, դուն ալ բեք պամպակ մարդ ես,− դիտել տվավ Ակոբճան աղա։

− Ի՞նչ ընեմ, բռնի՝ «պիտի մնա՞մ» ըսեմ։

− Բողոքե՛, էֆենտիմ, պոռա՛, կանչե՛, աղմուկ հանե՛… թաղեցիները բոլորը քու կողմդ են, ինչ բանե կվախնաս, ամենքն ալ դժգոհ են Թաղ. Խորհուրդի այս որոշումեն,− գոչեց Ակոբճան աղա։

− Ես քեզի խրատ տալու մարդ չեմ, բայց կարծեմ իրավունք ունիմ,− միջամտեց Հոռոփիկ, չլացող տղուն կաթ չեն տար, ատանկ սուսիկ-փուսիկ նստելով բան չըլլար, քանի որ հանցանք մը չես գործած, քանի որ ծնողները և աշակերտները գոհ են քենե, ի՞նչ պատճառավ քեզ դուրս կնետեն կոր վարժարանեն։

− Պարզապես Մարգար էֆենտին իր անձնական վրեժը կլուծե կոր,– պատասխանեց Թորգոմ։

− Ատ ի՞նչ խոսք է,– գոչեց Մարտիկ աղա բարկությամբ,− նայինք վարժարանը ի՞րն է, ի՞նք կուտա կոր ծախքերը, վարժարանը